Տպել
16.05.2022
Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին:

Ողջունելով ներկաներին` նա բարձր է գնահատել ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները` շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բրիտանական եւ շվեդական կառավարությունների համատեղ ուժերով վերանայվել են առաջնահերթ խնդիրները, որոնց պարբերական լուծումները բարձրացնում են խորհրդարանական ժողովրդավարության մշակույթի նշաձողը:

Նա արձանագրել է պատգամավորների, աշխատակազմի ու խորհրդարանի կառուցվածքային ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքի արդյունավետությունը: Խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել հատկապես էլեկտրոնային խորհրդարանի հիմնմանը եւ համաշխարհային խորհրդարանների լավագույն փորձի ներկայացմանը:

Որպես տեսանելի եւ առարկայական արդյունք` Ալեն Սիմոնյանն առանձնացրել է Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, 2022 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքում առաջին անգամ ներկայացված գենդերային բյուջետավորումը:

Նա անդրադարձել է նաեւ ծրագրի շրջանակում խորհրդարանում ստեղծված Փորձագիտական եւ վերլուծական վարչության, Ժողովրդավարական խորհրդարանական կենտրոնի ստեղծման ռազմավարությանը:

Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի առանցքային նախագիծն է:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը (ՆՀԺԽ) մշակվել է՝ հզորացնելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ԱԺ) կարողությունները պետական կառավարման համակարգում իր` հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում: Խորհրդարանի՝ որպես քաղաքականություններ մշակող կառույցի ընդհանուր արդյունավետության բարելավման երկարաժամկետ նպատակով ծրագիրը մշակվել է Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համար՝ ուշադրության կենտրոնում պահելով խորհրդարանական գործառնությունների որակի, թափանցիկության եւ ներառականության բարելավումը, ինչպես նաեւ խորհրդարանի` գենդերային խնդիրներին արձագանքող քաղաքականությունների մշակման կարողությունների զարգացումը: