Տպել
19.05.2022
Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ Հանուն առողջ միջավայրի խորհրդարանականների ցանցի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ
1 / 1

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը մայիսի 19-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ Հանուն առողջ միջավայրի խորհրդարանականների ցանցի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ եւ մեկնաբանություններ ներկայացրել:

«Հարգելի՛ գործընկերներ, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների փոխկապակցվածության խնդիրը դառնում է ամենաարդիականներից: Շնորհակալություն եմ հայտնում նախագահողին շատ օգտակար եւ բովանդակալից ներկայացման համար: Հավանություն եմ տալիս արդյունքով պայմանավորված մոտեցմանը, որը նախագահողը ներկայացրեց՝ որպես մեր ցանցի արդյունավետ աշխատանքի առանցք: Այս առումով կառաջարկեի ներառել հետաքննության բաղադրիչը՝ որպես ցանցի հիմնական սկզբունքներից մեկը:

Այսպիսով, կառաջարկեի առողջ, մաքուր եւ անվտանգ միջավայրի խնդրին հատուկ ուշադրություն դարձնել չլուծված հակամարտությունների համատեքստում: Այստեղ մենք գործ ունենք մարդու իրավունքների ամենաակնհայտ ոտնահարումների եւ անվտանգ բնապահպանական իրավիճակների մարտահրավերների հետ:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում աշխարհի տարբեր ծայրերում, այսպես կոչված, արգելված զենքերի, մասնավորապես, ֆոսֆորային ռումբերի կիրառման աճող պրակտիկային: Վերջին տարիներին դրանց կիրառման մասին հայտարարություններ են եղել առնվազն 9 երկրներում: Հուսով եմ՝ այստեղ բոլորը գիտեն մարդկանց կյանքի եւ բնության վրա նման ռումբերի թողած սարսափելի հետեւանքների մասին: Ես որեւէ տեղեկություն չունեմ այդպիսի արգելված զենքերի կիրառման փաստերի միջազգային հետաքննության եւ այդ պրակտիկայի վերացման համար մշակված ճանապարհային քարտեզների վերաբերյալ:

Մենք պետք է հստակ հետեւենք ԵԽԽՎ վերջին բանաձեւերից մեկի տրամաբանությանը, համաձայն որի՝ «Իրական ժողովրդավարության իրականացումը ոչ միայն յուրաքանչյուր անդամ պետության պարտավորությունն է իր քաղաքացիների նկատմամբ, այլեւ պատասխանատվություն է մյուս անդամ պետությունների հանդեպ»: Մենք ականատես ենք իրավիճակների, երբ բնական ռեսուրսներն օգտագործվում են մի անդամ պետության կողմից՝ մեկ այլ պետության տեղական բնակչության վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:

Մեր տարածաշրջանի որոշ պետություններ ջրային ռեսուրսներն օգտագործում են՝ հասնելու  իրենց երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերին՝  խնդիրներ ստեղծելով միլիոնավոր մարդկանց համար: Բոլոր դեպքերում մենք ոչ միայն մարդկանց կյանքի որակի նվազման, նրանց հիմնական իրավունքների ոտնահարման, այլեւ՝ շրջակա միջավայրի իրական վատթարացման խնդիր ունենք: Սրանք իրավիճակներ են տեղերում, որտեղ մարդու իրավունքները եւ իրական բնապահպանական խնդիրները խորապես փոխկապակցված են:

Եթե ցանցն ուշադրություն չդարձնի տիրող իրական իրավիճակին եւ խուսափի հետաքննությունից, այն չի իրագործի իր հիմնական նպատակները»,- ընդգծել է պատգամավորը: