Տպել
28.02.2006
Պե՞տք են փոփոխություններ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում

Փետրվարի 28-ի նիստում պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի եւ կառավարության հեղինակած «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Այնուհետեւ շարունակվեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության օրինագծի քննարկումը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե ինչո՞վ է պայմանավորված օրենքի փոփոխության անհրաժեշտությունը, երբ նոր ատոմակայան կառուցելու ծրագրեր եւ միջազգային ընկերությունների կողմից ինովացիոն առաջարկներ ներկայումս չկան: Ըստ պարոն Բաղդասարյանի` չպետք է հնարավորություն տալ, որ մասնավոր ընկերությունները ներգրավվեն ատոմային էներգետիկայի ոլորտ: Խորհրդարանի նախագահը հորդորեց նախագծի հեղինակներին ուսումնասիրել եվրոպական երկրների փորձը: Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով Մեծամորի ատոմակայանի տնտեսական նշանակությունը, նշեց, որ անիմաստ է ատոմային էներգիայի սեփականության իրավունքը տալ մասնավորին: ԱԺ նախագահը գտնում է, որ գործադիրը պետք է օրենքի նախագծի քննարկումները հետաձգի` մինչ գ ործնական քայլերի առաջադրումն ու իրականացումը:

Հարցին ի պատասխան` ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը տեղեկացրեց, որ օրինագծի հեղինակները ուսումնասիրել են Սլովակիայի, Բուլղարիայի, Լատվիայի փորձը: Պարոն Գեւորգյանը նշեց, որ ատոմակայանի նոր բլոկի կառուցման տեսլական ունենալուց հետո միջազգային կառույցների հետ համագործակցության քայլեր պետք էձեռնարկվեն:

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, չընդունելով ատոմակայանի մասնավորեցումը, նշեց, որ խնդիրը լոկ տնտեսական եւ էներգետիկ բնույթ չի կրում: «Ինձ համար համոզիչ չեն ոչ Սլովակիայի, ոչ Բուլղարիայի, ոչ Լիտվայի օրինակները, որովհետեւ հնարավորությունները եւ պարտավորությունները այլ են»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ Եվրամիությունը «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում խիստ պահանջներ է դնում Հայաստանի առջեւ: Նա ատոմակայանի նոր բլոկի կառուցումը օ րախնդիր է համարում` կանխատեսելով 2016 թվականին 440 մեգաբայթ հզորությամբ բլոկի առկայությունը:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, հարակից զեկույցում նշեց, որ երկրի համար էներգետիկ անվտանգության խնդիրը գերակա է: 2016 թվականին ՀՀ էներգետիկ ռեսուրսները 40 տոկոսով կպակասեն, ուստի ֆինանսական սխեմաների մշակման, գումարների հայթայթման աշխատանքները պետք է նախօրոք սկսել: Պարոն Մինասյանի կարծիքով` սպառվում են Մեծամորի ատոմակայանի ռեսուրսները, իսկ պետական միջոցներով ատոմակայան կառուցելու փորձերը պսակվել են անհաջողությամբ: Հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ` օրինագիծը որեւէ առնչություն չունի Մեծամորի ատոմակայանի սեփականաշնորհման հետ. օրենքի նախագծի ընդունումից հետո էլ ատոմակայանը համարվելու է պետական սեփականություն: Ըստ պարոն Մինասյանի` կառուցվելիք ատոմակայանին մասնավորի մասնաբաժին ունենալու հնարավորություն պետք է ընձեռել:«Դեմ գնալ այս օրինագծին նշանակում է մեզ դատապարտել էներգետիկ սովի»,- եզրափակեց Գագիկ Մինասյ անը:

«Փոփոխությունները միտված են էներգետիկայի մասին օրենքների միջեւ եղած հակասությունների վերացմա՞նը, թե՞ ներդրումների ապահովմանը»,-հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը: Նա ցանկացավ իմանալ, թե ատոմակայանի` 40 տոկոս բաժնետոմսերի` մասնավոր սեփականություն լինելու դեպքում պետական մենաշնորհը պահպանվելու՞ է, թե ոչ:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ փոփոխությունների նպատակը հակասությունների վերացումն է, իսկ նոր կառուցվելիք շենքի բաժնետոմսերի 50 տոկոսը պետական մենաշնորհ պիտի լինի:

Ըստ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի` օրենքի հստակեցման համար անհրաժեշտ է ամրագրել, որ ատոմակայանը եւ ատոմային վառելիքի թափոնները պետական մենաշնորհ են: ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ընդունում է նոր ատոմակայան կառուցելու ծրագիրը` պետական սեփականություն լինելու պայմանով: «Էներգետիկ անվտանգությունը ազգային անվտանգության երաշխիքներից մեկն է»,-նշեց ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Պատգամավոր Հերմինե Նաղդալյանն առաջարկեց հարցը նորից քննարկել ՀՀԿ խմբակցությունում: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դիտարկմամբ` պետք է զարգացնել միջուկային էներգետիկայի բնագավառը, քանի որ Հայաստանը տարածաշրջանում էներգիայի այլ աղբյուր չունի: Ըստ նրա` աններելի է միջուկային էներգետիկայի ոլորտը մասնավորեցման դաշտ բերելը: ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով` մասնավորեցումից տուժում է նաեւ երկրի պետական բյուջեն:ԱԺ պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը վտանգավոր է համարում օրինագծի ընդունումը, քանի որ ատոմակայանի բաժնետեր կարող է դառնալ որեւէ «թշնամական պետություն»: Ըստ ԱԺ պատգամ ավոր Գագիկ Մխեյանի` ատոմակայանը պետական մենաշնորհ է, որն ունի ռազմավարական, տնտեսական եւ քաղաքական նշանակություն: Գագիկ Մխեյանը գտնում է, որ անթույլատրելի է օրենքի նախագծի հապճեպ ընդունումը:

«Ազգային միաբանություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: «Հարցի քննարկումը ճակատագրական սխալ է, քանի որ լուծումը մեզ պարտադրում են»,-նշեց պարոն Գեղամյանը:

ԱԺ պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը, ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը, օրենսդրին առաջարկեց օրինագիծը քննարկել խմբակցության անդամների հետ, որի արդյունքում հնարավոր կլինի մշակել ժողովրդի եւ պետության շահերից բխող օրինագիծ: Օրինագծի քննարկումը կշարունակվի մարտի 1-ին:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` պատգամավորները վերջին նիստում հանդես եկան հայտարարություններով: