Տպել
01.06.2022
ԱԳ նախարարությունում աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգը
1 / 10

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2001 թ.: Ոլորտն արդիականացնելու եւ ծառայությունը թարմացնելու անհրաժեշտություն է առաջացել` ներկայացնելով օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հունիսի 1-ին` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագիծը մշակվել է գործնականում առաջացած այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտությունից, որոնք կապված են արտաքին գործերի նախարարությունում հանրային ծառայության համակարգի ներդրման, գործող օրենսդրական նորմերի հստակության ապահովման, դիվանագիտական աստիճանների փոփոխության, ՀՀ քաղաքացու եւ դիվանագիտական անձնագրեր կրելու փաստով վերջինիս ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման համաչափության, դիվանագիտական անձնագրի տրամադրման հստակեցման հետ` հիմք ընդունելով ներպետական եւ միջազգային օրենսդրության նորմերը:

Նախագծի մշակման շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԱԳ նախարարության գործընկերների հետ:

Ըստ Վլադիմիր Վարդանյանի` անհրաժեշտություն էր առաջացել օրենքը համապատասխանեցնել 2018 թ. ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքին:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն` Արտաքին գործերի նախարարությունում աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգը: Գլխավոր քարտուղարը կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող եւ կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը, ինչն էական նշանակություն կունենա նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:

Դիվանագիտական աստիճանների սանդղակում եւս առաջարկվել են փոփոխություններ: Կփոփոխվեն երկրորդ եւ առաջին քարտուղարների դասային աստիճանները, որոնք, ըստ Վլադիմիր Վարդանյանի, խոչընդոտում էին դիվանագիտական ծառայության ոլորտում առաջխաղացումը: Այն հիմնված է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության վրա:

Հստակեցվել են նաեւ դիվանագիտական անձնագրերի տրամադրման եւ մերժման հետ կապված հարաբերությունների կարգավորումները: ՀՀ քաղաքացիներին դիվանագիտական անձնագրերի տրամադրումը կիրականացվի ՀՀ քաղաքացու անձնագրի հիման վրա: Դիվանագիտական դպրոցում ուսանելու ժամանակաշրջանն ԱԳ նախարարությունում կցորդ նշանակված Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների պարագայում կդիտվի որպես մասնագիտական ստաժ: Զեկուցողի գնահատմամբ` այս փոփոխությամբ դիվանագիտական ծառայության ոլորտում որոշակի առումով թարմություն կբերվի:

Վլադիմիր Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ դիվանագիտական անձնագրի ժամկետին, կադրային ռեզերվում կատարվող կարգավորումներին վերաբերող դրույթների վերաբերյալ:

Հանձնաժողովն առաջարկել է նախագծի քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ` ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...