Տպել
09.06.2022
Կայացել է ԱԺ արտահերթ նիստը
1 / 3

Հունիսի 9-ին խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել:

Օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 6 արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Գայանե Եղիազարյանն ԱԺ նիստում երդվել է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ 2016 թ. ի վեր Հայաստանում համայնքների խոշորացման գործընթաց է սկսվել, եւ առայսօր 908 բնակավայր խոշորացվել է՝ դառնալով 72 միավորված համայնք: Մասնագիտական վերլուծություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների խոշորացումը տնտեսական, ֆինանսական, կազմակերպչական եւ այլ առումներով նպատակահարմար է: Վերոնշյալը նկատի ունենալով՝ Կառավարությունն առաջարկում է արդեն միավորված 13 համայնք  կրկին միավորել եւ ունենալ 5 միավորված համայնք: Այս 13 համայնքը ներառում է 113 բնակավայր:

Նախագծի ընդունման արդյունքում կձեւավորվեն միավորված համայնքներ. Արագածոտնի մարզում՝ Թալին համայնք, որն իր մեջ կմիավորի Թալին եւ Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ համայնք, որը կներառի Ճամբարակը եւ Շողակաթը, Լոռու մարզում՝ Ալավերդի համայնք, որն իր մեջ կմիավորի Ալավերդին, Ախթալան, Օձունը եւ Շնողը, Լոռու մարզում՝ Տաշիր համայնք, որը կներառի Տաշիրը, Մեծավանը եւ Սարչապետը, Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնք, որը կներառի Սիսիանը եւ Գորայքը: Այս 13 համայնքը ներառում է 141 բնակավայր:

Փաթեթի ընդունման դեպքում Հայաստանում գոյություն ունեցող 79 համայնքի թիվը կկրճատվի՝ դառնալով 71, որից 64-ը կլինի խոշորացված համայնք:

Գնել Սանոսյանը հայտնել է, որ խոշորացված համայնքներում փակվել է 1500 հաստիք, սակայն բացվել է 2200 այլ՝ անհրաժեշտ հաստիք:

Փաթեթին ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Խորհրդարանը հարցը քննարկել է նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ընդունել: