Տպել
09.06.2022
Փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը
1 / 2

Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ծրագրերն իրականացնելուն է ուղղված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Օրենսդրական նախաձեռնությունն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկվել, ապա ընդունվել է հունիսի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Գործող կարգավորումներով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության համար տնտեսվարողը դիմում է Ֆինանսների նախարարությանը՝ ծանուցելով նման գործունեություն իրականացնելու մասին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ Ֆինանսների նախարարության փոխարեն կլինի Կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմինը՝ հնարավորություն ընձեռելով լիազորությունը վերապահել այնպիսի գերատեսչության, որն իր հիմնական գործառույթներով ավելի մոտ կլինի առեւտրի եւ ծառայությունների իրականացման գործառույթներին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի ներկայացմամբ՝ փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը:

Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահել կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գործառույթները: