Տպել
14.06.2022
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ամբողջական իրացմանը
1 / 2

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկած օրենսդրական կարգավորումը պայմանավորված է մեր երկրում ավտոտրանսպորտային կանոնավոր փոխադրումները ներառական եւ մատչելի դարձնելու, հաշմանդամություն ունեցող ուղեւորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման եւ իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Կառավարությունը: Գործադիրի որոշմամբ սահմանվել է, որ մրցույթներին ներկայացվող կազմակերպությունների համար սահմանված մատչելի տրանսպորտային միջոցների քանակը կազմում է ընդհանուր քանակի առնվազն տասը տոկոսը: Զարուհի Բաթոյանի գնահատմամբ՝ այս պայմանը չի բխում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Պատգամավորը հավելել է, որ առկա կարգավորմամբ բավարար հնարավորություններ չեն ստեղծվում մատչելի տրանսպորտային փոխադրումների համար:

Առաջարկվում է ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղեւորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում: Կսահմանվի մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար, ինչպես նաեւ մատչելիության պարտադիր պահանջ մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում:

Ներկայացնելով ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Լիլիթ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ փոփոխությունները եւս մեկ քայլ են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման եւ նրանց կյանքի որակը բարելավելու ճանապարհին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը եւս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում կարեւորել է նախաձեռնության ընդունումը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները քննարկվել են ԱԺ հունիսի 14-ի նիստում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...