Տպել
14.06.2022
Կներդրվեն պետական գույքի կառավարման, օտարման, մասնավորեցման ավելի ճկուն մեխանիզմներ. Առնակ Ավետիսյան
1 / 3

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը խորհրդարանը քննարկել է հունիսի 14-ի նիստում:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ 2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը եւ ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն 565 հազար դրամ, իսկ 112 մլն 981 հազար դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ:

Նշվել է, որ փաստաթղթում արտացոլված են մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը, նաեւ՝ լուծարման գործընթացի եւ դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ:

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել է լրացում` մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ինչ քայլեր են ձեռնարկվում մեր երկրում հանրային սեփականություն հանդիսացող պետական գույքի կառավարման բարելավման համակարգի ներդրման ուղղությամբ:

Առնակ Ավետիսյանի խոսքով՝ պետական գույքի կառավարման ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, ոչ արդյունավետ կառավարման երեւույթներ: Իրավիճակի բարելավման ուղղությամբ 2018 թ. սկսած իրականացվել են մի շարք քայլեր, որոնք ունեցել են դրական արդյունք, ընդգծել է զեկուցողը: «Ընդունվել է Պետական գույքի կառավարման նոր հայեցակարգ, որը մենք այս տարի կբարելավենք, կներդնենք պետական գույքի կառավարման, օտարման, մասնավորեցման ավելի ճկուն մեխանիզմներ: Նաեւ` Կառավարության ծրագրով առաջին անգամ սահմանվել են ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասով հստակ միջոցառումներ եւ ցուցանիշներ»,- ասել է Առնակ Ավետիսյանը:

Պատգամավոր Արեն Մկրտչյանը փորձել է զեկուցողից պարզել, թե ինչ ընթացքում է գտնվում Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարան հիմնելու նպատակով ներդրողի կողմից պետական գույք հանդիսացող շենքի ձեռքբերման հայտը:

Պատասխանելով պատգամավորին՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ծրագրի վերաբերյալ առկա է Կառավարության որոշման նախագիծ, որն առաջիկայում կհաստատվի: Զեկուցողի խոսքով՝ պետական գույքը կօտարվի մրցույթային եղանակով: «Մենք հնարավորություն կունենանք իրականացնելու վերահսկողություն կատարվելիք ներդրումային պարտավորությունների վրա եւ ապահովելու ծրագրի իրականացումը»,- ընդգծել է զեկուցողը: Նա հավելել է, որ տարեսկզբից սկսած՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում տարբեր տնտեսվարողների կողմից առկա է շուրջ 10 մլրդ դրամի ստանձնած ներդրումային պարտավորություններ:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...