Տպել
21.06.2022
Կվերանայվի Փաստաբանների պալատի ներքին կառավարումը
1 / 6

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով եւ դատաիրավական  բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացում` որպես կարեւոր ռազմավարական նպատակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստի ժամանակ:

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է նախատեսում «Փաստաբանության մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում:

Նախաձեռնությամբ, մասնավորապես, առաջարկվում է որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը. նախատեսվում է  ստեղծել կարգապահական հանձնաժողով: Ստեղծված հանձնաժողովի որոշումները հնարավոր կլինի բողոքարկել Փաստաբանների պալատի խորհրդում:

Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները, հատկապես՝ հանրային պաշտպանի գործունեության բնագավառում:

Առաջարկվում է նաեւ բացառել պալատի մեկ անդամի կամ պաշտոնատար անձի  միաժամանակ ներգրավումը տարբեր մարմիններում՝ բացառությամբ պալատի նախագահի, եթե վերջինս խորհրդի նախագահն է: Պալատի նախագահը եւ խորհրդի անդամները գործունեության ընթացքում պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն:

Վերանայվում է նաեւ պալատի մարմինների անդամների ընտրության կարգը: Նախատեսվում են անվճար անհատույց իրավաբանական օգնության կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանության տրամադրման այլընտրանքային եղանակներ: Կվերանայվի նաեւ  փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը:

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ:

Հանձնաժողովի անդամ Մարինե Ղազարյանը հարակից զեկույցում նշել է, որ ակնկալվում է ընդլայնել պալատի կառավարման կարգը՝ համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքներին: Նրա խոսքով՝ առավել արդյունավետ կիրականացվի փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթը:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...