Տպել
24.06.2022
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով-IFES աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
1 / 7

«Մատչելիություն եւ քաղաքական ներառում» ծրագրի շրջանակում հունիսի 24-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով-IFES (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: «Մատչելիություն եւ քաղաքական ներառում» բաղադրիչը՝ «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի մի մասն է, որն իրականացվում է ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից ԱՄՆ-ի ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են տարբեր խնդիրների պատճառով հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ կարիքի գնահատման եւ համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման մեխանիզմին, ինչպես նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին: Ընտրական գործընթացների ներառականությունը ապահովելու համար կարեւոր է ոչ միայն տեղամասային կենտրոն հանդիսացող շենքերի մատչելիությունը, այլեւ ԿԸՀ կայքի, քարոզչանյութերի եւ քարոզարշավի մատչելիությունը:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ նախագծերի մշակման նախնական փուլում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման հարցը, եթե կարգավորումները վերաբերում են վերջիններիս իրավունքներին:

Աշխատանքային քննարկման արդյունքում որոշվել է խմբի կողմից մշակել եւ առաջարկներ ներկայացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ եւ առաջիկայում նախաձեռնել աշխատաժողով՝ աշխատանքային խմբի ընդլայնված կազմի եւ հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈւԱ) մասնակցությամբ: