Տպել
29.06.2022
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
1 / 5

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Հարցն ԱԺ հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը մանրամասնել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Թեկնածու Արտակ Կրկյաշարյանը կարծիք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ ու անզիջում պայքարը ժողովրդավարական եւ իրավական պետությունների առաջնային խնդիրներից մեկն է: Այս առումով նա հատկանշական է համարել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թթգ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ առանձնահատուկ կարեւորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի էական փոփոխությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կայացման եւ շարունակական զարգացման տեսանկյունից կարեւորվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումը: Թեկնածուի կարծիքով՝ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր մակարդակի կհասցնի ոլորտում պայքարի արդյունավետությունը: Այս համատեքստում Արտակ Կրկյաշարյանը կարեւորել է հակակոռուպցիոն պալատի եւ նրա դատավորների դերը: Թեկնածուի համոզմամբ՝ ընտրվելու դեպքում իր փորձն ու մասնագիտական գիտելիքները թույլ կտան պատշաճ իրականացնելու Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պարտականությունները:

Հաջորդ թեկնածու Մուշեղ Հարությունյանը, անդրադառնալով արդարադատական համակարգի առանձնահատկություններին, դրանցից նշել է, մասնավորապես, որոշ գործերի ձգձգումները: Դա, ըստ նրա, կարող է հանգեցնել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության նվազմանը, կասկածի տակ դնել կոռուպցիոն գործերի քննության ոլորտում պետության կարողություններն ու հանձնառությունները: Ուշացած արդարադատության առումով Մուշեղ Հարությունյանն առանձնակի ընդգծել է հակակոռուպցիոն պալատի գործունեությունն ու դերը: Նա նաեւ ներկայացրել է այն շարժառիթները, որոնք իր թեկնածությունն առաջադրելու հիմք են տվել եւ խոսել մասնագիտական գործունեությունից:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության ձեռնարկած քայլերին: Նշվել է, որ 2018 թ. հետո արձանագրվել է կոռուպցիայի ընկալման համաթվի կտրուկ աճ: Դա նշանակում է, որ իշխանությունը կարողացել է հակակոռուպցիոն ռազմավարությունները մշակել այնպես, որ ոչ միայն ստեղծվել է հակակոռուպցիոն մարմինների շղթա, այլ նաեւ ձեւավորվել է կոռուպցիայի նկատմամբ հանրային ընկալում: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ քաղաքական իշխանությունը ցույց է տվել, որ ունի կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Նշենք, որ թեկնածու Լիլիթ Գրիգորյանը նիստին ներկա չի եղել: