Տպել
04.08.2022
Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակությունը խորհրդարանում է
1 / 8

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 4-ին հանդիպել է Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակության հետ, որի կազմում են նաեւ Իրաքի խորհրդարանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է Իրաքում ապրող ազգային փոքրամասնություններով, նրանց հուզող խնդիրներով ու մարտահրավերներով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետեւանքով խաղաղ բնակիչներ են տուժել:

Իրաքի խորհրդարանականները  շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու համար: Նրանք գոհունակություն են հայտնել նաեւ Հայաստանի խորհրդարանականներին միջազգային կառույցներում աջակցության համար:

Հյուրերը մանրամասն ներկայացրել են իրենց խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը:

Կողմերը երկու երկրների միջեւ կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել: Այս համատեքստում խորհրդարանական փոխայցերն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ազգային փոքրամասնություններին, նշվել, որ նրանք այստեղ պաշտպանված են: Մոտ ապագայում կընդունվի նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենք: