Տպել
25.08.2022
Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը բնականոն ընթացքի մեջ է. Արման Եղոյան
1 / 9

Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը բնականոն ընթացքի մեջ է. այս մասին օգոստոսի 25-ին ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվող ամառային երկշաբաթյա դասընթացի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Օգոստոսի 15-26-ը «ԵՄ-ն եւ հարեւան պետությունները. Արեւելյան գործընկերության երկրների իրավական կարգերի իրավական մոտարկում եւ եվրոպականացում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացին մասնակցում են մի խումբ ուսանողներ Լիտվայից, Գերմանիայից, Հայաստանից եւ Մեծ Բրիտանիայից:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է համաձայնագրի իրականացումն ըստ ոլորտների, խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ներկա փուլից: Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ մասնագիտական խնդիրներին վերաբերող հարցեր:

Հանդիպումից հետո ամառային դպրոցի մասնակիցները շրջայց են կատարել խորհրդարանի շենքի տարածքում, այցելել Ազգային ժողովի թանգարան եւ գրադարան: