Տպել
16.09.2022
Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան
1 / 3

«Հայաստան» խմբակցությունն իր եւ գաղափարակիցների աջակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերին, յուրաքանչուր զինվորին, զինծառայողին, հրամանատարին, ինչպես նաեւ եռամսյա հավաքների մասնակիցներին եւ կամավորագրվածներին: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ տեղի ունեցած ագրեսիան հետեւանք է այն բանի, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի եւ նրա իշխանությունների նկատմամբ՝  հասնելու համար իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների բացմանը, եւ նաեւ, ինչպես իրենք են ասում, Սյունիքի միջանցքի բացմանը: «Այսպիսի սադրանքներին մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, քանի որ ՀՀ-ի շուրջը ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ»,- հավելել է խմբակցության ղեկավարը:

 Նրա գնահատմամբ՝ այսպիսի իրավիճակում իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում՝ դիրքային փոփոխությունները, ճշտել հասարակությանը մտահոգող բոլոր զոհվածների, գերիների, անհայտ կորածների եւ վիրավորների քանակը եւ տվյալները ներկայացնել հանրությանը:

Լրագրողները հետաքրքրվել են ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացով: «Տապալված համարո՞ւմ եք ձեր նախաձեռնությունը»,- հնչել է հարց:

Արծվիկ Մինասյանն առաջարկել է գործածությունից հանել «իմպիչմենտ» բառը եւ օգտագործել «անվստահություն» բառը, քանի որ իմաստով դա է ճիշտ:

«Մենք երաշխավորված պետք է ունենանք 54 պատգամավորներ, որից 35-ը հստակ ենք, որոնք պատրաստ են այս լուծմանը՝ կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի հեռացման կամ պաշտոնանկության գործընթացին,  որպեսզի պաշտոնապես մուտք արվի եւ դրանից հետո կկարողանանք խոսել տապալման կամ հաջողության մասին»,-ասել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա մանրամասնել է, որ այդպիսի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդդիմադիր խմբակցություններին միանան 18՝ 100 տոկոսանոց կողմ քվեարկող պատգամավորներ: