Տպել
28.09.2022
Կսահմանվի Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց հավելավճար տրամադրելու կարգը
1 / 5

Կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվի եւ կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած անձանց յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը: Գործող կարգավորմամբ` ի տարբերություն այլ մարմինների` վերոնշյալ անձանց համար աշխատանքային եւ ծառայության ստաժի հաշվարկման որեւէ մեխանիզմ նախատեսված չէ. ոչ հավելավճարի եւ ոչ էլ համապատասխան տարիների կտրվածքով գործակիցների աճ տեղի չի ունենում:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նոր կարգավորմամբ կապահովվի ՀՔԾ նախկին աշխատակիցների սոցիալական երաշխիքներից օգտվելու իրավունքի իրացումն այլ աշխատանքի անցնելու պարագայում: Հնարավորություն կտրվի Դատախազությունում կամ Քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում օգտվել Հատուկ քննչական ծառայությունում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքից: Կկարգավորվեն նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները:

Ի պատասխան պատգամավոր Արփինե Դավոյանի հարցադրման` փոխնախարարը պարզաբանել է, որ ստաժի հավելավճարը կհաշվարկվի 2024 թ. հուլիսի 10-ից: Օպերատիվ-հետախուզական թիմը նոր է ձեւավորվում, եւ դեռեւս ստաժի հաշվարկման խնդիր չկա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով նախաձեռնության ընդունումը, նշել է. «Պետական ծառայությունը չպետք է լինի հարստահարվելու միջոց, այլ պետք է լինի արժանապատիվ ապրելու եւ այլ եկամուտներ չփնտրելու հնարավորություն»:

Կառավարության հաջորդ առաջարկը վերաբերել է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի լրացմանը: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Գործող օրենսդրության համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար հիմք եւ լիազորող նորմ է Կառավարության «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը: Այն ընդունվել է դեռեւս 2010 թ., երբ պետական կառավարման համակարգի մարմինները կոչվել են հանրապետական գործադիր մարմիններ: Իրավական որոշակիության սկզբունքի կիրառությունն ապահովելու նպատակով օրենքում ավելացվել է նորմ, որով Կառավարությունն է հաստատելու պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրության օրինակելի ձեւերը:

Քննարկված օրենսդրական առաջարկներն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: