Տպել
04.10.2022
Առաջիկա 8 տարվա ընթացքում կկրկնապատկվի հայաստանյան բուհերում սովորողների թիվը. ներկայացվել է ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը
1 / 3

Հայաստանի առնվազն չորս բուհ մինչեւ 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչեւ 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը. նշել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստում՝ ներկայացնելով «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Կրթության զարգացման պետական նախորդ ծրագիրն ընդունվել է 2011 թ., գործել՝ մինչեւ 2015 թ.: Նոր ծրագրով սահմանված է երեք ռազմավարական ուղղություն. առաջին՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, երկրորդ՝ կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի առավելագույն օպտիմալ եւ արդյունահենք տեղաբաշխում, երրորդ՝ կրթական ծառայությունների եւ արտադրանքի միջազգայնացում ու արտահանում՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:

Փաստաթղթի կարեւոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի եւ մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը եւ արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների եւ ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի եւ այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը:

Նախատեսվում է, որ առաջիկա 8 տարվա ընթացքում առնվազն կկրկնապատկվի հայաստանյան բուհերում սովորող ուսանողների թիվը: Նախարարի խոսքով՝ փաստաթղթի հիմքում կրթության որակի բարձրացումն է եւ այն միջազգայնորեն մրցունակ դարձնելը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախարարից հետաքրքրվել է, թե արդյո՞ք կայացած երկրներում եւս դպրոցն ավարտելուց հետո զորակոչում են բանակ: Նախարարը նշել է, որ հարցին ամբողջական պատասխանել չի կարող. կան երկրներ, որտեղ զորակոչվում են եւ կան, որտեղ չեն զորակոչվում: Նա ընդգծել է, որ այդ հարցն իր ղեկավարած նախարարության ոլորտը չի կարգավորում: