Տպել
07.10.2022
Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է. ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյան
1 / 4

Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացումը հնարավոր է մեկ ճանապարհով՝ ժողովրդավարությամբ:  Այն մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Իր ելույթում այս համոզմունքն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը:   

Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածուների ընտրության հարցերն են:

Վահագն Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանը վերջին տարիներին ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով, ինչն այսօր միջազգայնորեն արձանագրված փաստ է: «Չկա ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություն, չի կարող լինել ժողովրդավարություն»,- ընդգծել է Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների դեմ իրականացված ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է մեր պետության ինքնիշխանության դեմ:

Թեկնածուի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը վերջին 25 տարիներին անընդհատ զարգացել է, իսկ վերջին տարիներին առավել քան առաջընթաց է ապրել: Դրան նպաստել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ՝ հայաստանյան քաղաքական ուժերը, տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններն ու դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները, դեռեւս գործող ԿԸՀ-ն եւ այլն:

Ընտրական համակարգի բարեփոխումը շարունակական գործընթաց է, որի առանցքում պետք է լինի առավել թափանցիկության ապահովումը: Այս համոզմունքն է հայտնել Վահագն Հովակիմյանը:

Թեկնածուն վստահեցրել է՝ ընտրվելու դեպքում չի խնայելու ջանքերը, որպեսզի նպաստի, որ Հայաստանում ժողովրդավարությունն էլ ավելի զարգանա:

«ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ ընտրական համակարգի հեղինակության եւ վստահելիության բարձրացման, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն էլ ավելի ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային»,- հավաստիացրել է Վահագն Հովակիմյանը:

Պատասխանելով պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին, թե ինչ է թեկնածուի համար ժողովրդավարությունը՝ Վահագն Հովակիմյանն ասել է. «Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է»:

Պատգամավորներ Էմմա Պալյանը եւ Խաչատուր Սուքիասյանը դրական են գնահատել Վահագն Հովակիմյանի առաջադրումը ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ նա, ընտրվելու պարագայում, լավագույնս կիրականացնի իր աշխատանքը:

ԿԸՀ նախագահի թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա Վահագն Հովակիմյանին գնահատել է որպես սկզբունքային, պայքարող, ժողովրդավարական արժեքները մշտապես գնահատող եւ արդարադատություն որոնող անձնավորություն: