Տպել
28.10.2022
Եկող տարվա ապրիլից կամավոր կատեստավորվեն նաեւ մարզիչները. Սիսակ Գաբրիելյան
1 / 3

2023 թ. ապրիլի 1-ից սպորտային մարզիչները նույնպես կամավոր կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանա նրանց աշխատավարձը. ասել է Սիսակ Գաբրիելյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահը նաեւ հավելել է, որ Կառավարությունը մարզիչներին կտրամադրի սուբսիդավորված աշխատավարձ: Ըստ նրա՝ դրանով մարզաշխարհի բոլոր խնդիրները չեն լուծվի, սակայն զգալի առաջընթաց կլինի:

Մեր երկրում գործում է երեք տասնյակից ավելի մարզական ֆեդերացիա, որոնք հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից, նաեւ ստանում են դրամաշնորհներ:

Մարզաձեւերի հանրայնացման հարցում Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է որոշակի մարզաձեւերի եզրափակիչներն անցկացնել հանրային վայրերում՝ հրապարակներում, կենտրոնական փողոցների ընդարձակ հատվածներում, զբոսայգիներում:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մանրամասն ներկայացրել է ոլորտի հիմնախնդիրները, որոնց լուծման առնչությամբ կարեւոր է համարել գործող օրենսդրության բարեփոխումները: Ըստ փոխնախարարի՝ Կառավարությունը 90 տոկոսով ֆինանսավորում է մարզական ֆեդերացիաներին եւ Հայաստանի հավաքականներին, ինչպես նաեւ միջազգային մրցումներում բարձր ցուցանիշներ գրանցած մարզիկներին:

Կարեն Գիլոյանը նշել է նաեւ, որ 5 մարզական ֆեդերացիա է օգտվում հովանավորչական ֆինանսավորումից: Փոխնախարարն առաջարկել է ֆինանսավորումն իրականացնել ըստ անհրաժեշտության, ինչը նաեւ կկանխի կոռուպցիոն երեւույթները: Մարզաձեւերի զարգացման ուղղությամբ էլ կարեւորվել է հարկերից ազատելու մեթոդի կիրառումը, որն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում:

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները, ընդգծելով նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը, առաջարկել են օրենսդրորեն փոխել մարզական կառույցների ֆինանսավորման համակարգը, աշխատավարձ վճարել մեր երկրի բոլոր հավաքականների գլխավոր մարզիչներին, ինչպես նաեւ ֆինանսավորել մարզական ակումբներին: Մարզաձեւերի զարգացումն ապահովելու, մարզական ակումբների կենսապայմանները բարելավելու նպատակով՝ առաջարկվել է քաղաքային համայնքների բյուջեներից գումարներ հատկացնել:

Բնագավառի խնդիրների վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...