National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
02.11.2022
Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս. ՀՀ վարչապետի ելույթն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 1

Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարեւոր ցուցանիշ է. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:

«Կարեւոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թ. արդյունքներով մենք, ըստ էության, հաղթահարված համարենք 2020 թ. համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները եւ վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարեւոր է: Այսինքն՝ մենք միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք եւ կիրացնենք այդ հնարավորությունը՝ վերադառնալ 2019 թ. տեմպին»,-նշել է  վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ այս տարի Հայաստանի տնտեսական իմիջի առումով շատ կարեւոր մի իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը:

«Երբ այս ցուցանիշը հրապարակվեց, մեր շատ ընդդիմախոսներ, մեղմ ասած, ժպտում էին եւ քմծիծաղ տալիս: Նրանք ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում եւ առաջընթաց է ապրել ընդամենն այն պատճառով, որ շատ երկրների տնտեսական ազատության ցուցանիշները կորոնավիրուսի համավարակի վատ կառավարման հետեւանքով ուղղակի գահավիժել են եւ անկում են ապրում: Ստացվում է, որ մեզանից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կորոնավիրուսի համավարակը, որ իրենց վարկանիշը եւ իրենց տնտեսական միջավայրը կա՛մ փլուզվել է, կա՛մ գահավիժել է»,- շեշտել է նա:

Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով բյուջեի եկամուտներին, հիշեցրել է, որ իրենց քաղաքական ուժը սկզբունքային նշանակության խոստումներ է տվել հեղափոխության ժամանակ, իսկ անձամբ ինքը խոստացել էր, որ 1-2 տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելացնեն 35-40 տոկոս: Վարչապետի խոսքով այդ խոստումը լիարժեք կատարվել է: «2022 թ. արդյունքներով մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ 1.6 մլրդ դոլարով կգերազանցեն 2018 թ. ցուցանիշը: Սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թ. նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թ. 52 տոկոս բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 2018 թ. համեմատ: 2023 թ. հարկային եկամուտները պլանավորված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ, որը 2018 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով: Դա պլանավորվածն է, որը մենք պետք է իրականացնեք: Իսկ ընթացիկ տարվա բյուջեն մենք սպասում ենք, որ մոտ 80 մլրդ դրամով կգերակատարվի»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով վերջին 4 տարվա աշխատատեղերի ցուցանիշին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ կա հոկտեմբեր ամսվա տվյալներով: «Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691 հազար գրանցված եւ վճարվող աշխատատեղ: Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որտեղ գիտենք, որ կոնկրետ մարդիկ անուն ազգանունով աշխատում են, աշխատավարձ ստանում եւ վճարում եկամտային հարկ: Եթե այս ցուցանիշը մենք արձանագրենք, պետք է ասենք, որ 2018 թ. մայիսի համեմատ 2022 թ. հոկտեմբերին աշխատատեղերի թիվն ավելի է 143 հազարով, իսկ 2018 թ. սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերի թիվն ավելի է 108 հազարով: 4 տարի 4 ամսվա ընթացքում Կառավարությունը ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ»,- ասել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: