Տպել
02.11.2022
ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակել են բյուջետային քննարկումները
1 / 11

Պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. պետբյուջեի քննարկումները:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի լիազորությունները կատարող Խաչատուր Պողոսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից 2023 թ. իրականացվելիք ծրագրերն ու գերակայությունները: Նախագահի աշխատակազմը կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2023 թ. ներկայացրել է 1 մլրդ 686 մլն դրամի բյուջետային հայտ՝ 2022 թ. 1 մլրդ 602 մլն դրամի փոխարեն, տարբերությունը կազմել է 83 մլն 800 հազ. դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի փոփոխության եւ աշխատավարձի բնականոն աճի կապակցությամբ հաշվարկված որոշակի տոկոսային ավելացմամբ: Մյուս բոլոր հոդվածների համար նախատեսված ֆինանսական չափաքանակները նույնն են, ինչ այս տարի:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանի տեղեկացմամբ կառույցը 2023 թ. իրականացնելու է մեկ՝ «Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում» ծրագրից, որը ներառում է 3 միջոցառում:

ՍԴ-ին գալիք տարում նախատեսված է հատկացնել 879 մլն դրամ ֆինանսավորում՝ 2022 թ. 834,6 մլն դրամի դիմաց: Բարձրագույն դատական խորհրդին կհատկացվի 16 մլրդ 668 մլն դրամ: Այս տարվա հատկացումը կկազմի 15 մլրդ 149 մլն դրամ:

Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Պետական վերահսկողական ծառայության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրել են կառույցների՝ գալիք տարվա համար նախատեսված ծրագրերը: