Տպել
09.11.2022
Հակոբ Արշակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահին
1 / 2

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ երախտիքի խոսքեր հղելով ծանր մարտահրավերներին դիմակայող Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի դրսեւորած բացառիկ համերաշխության ու սատարման համար: Նա գոհունակությամբ է ընդգծել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային Ֆրանսիայի՝ պետական ամենաբարձր մակարդակով հասցեական արձագանքն ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ կարեւոր հանձնառությունը:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել նաեւ դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարեւոր ոլորտներից մեկը հանդիսացող միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում նա առանձնահատուկ արժեւորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի, ֆրանսիացի խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ անվտանգային սպառնալիքների մասին միջազգային հանրությանն ահազանգելու եւ ի պաշտպանություն Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ միջազգային գործուն քայլեր ձեռնարկելու հարցում:

Անդրադարձ է կատարվել սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական եւ հումանիտար հետեւանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական եւ ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին: Փոխադարձաբար կարեւորվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդական դերակատարությունը, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահի առաջնորդությամբ իրականացող ԵՄ միջնորդական ջանքերը եւ ՀՀ սահմանային իրավիճակի գնահատման նպատակով ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության գործունեությունը:

Տարածաշրջանում անվտանգային միջավայրի վերականգնման եւ կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից Հակոբ Արշակյանը կարեւորել է միջազգային աջակցությամբ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ որպես ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական նկրտումները զսպելու իրական երաշխիք:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն վերահաստատել է Ազգային ժողովի եւ ամբողջ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...