Տպել
16.11.2022
2023 թ. բյուջեն ե՛ւ սոցիալական է, ե՛ւ անվտանգային, ե՛ւ զարգացման, ե՛ւ առկա մարտահրավերներին արձագանքող. Գեւորգ Պապոյանի ելույթը ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ
1 / 1

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագիծը 6-օրյա համատեղ քննարկումներ է անցել ԱԺ գլխադասային հանձնաժողովներում: Պատգամավորների կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են բյուջեի ե՛ւ բովանդակությանը, ե՛ւ կատարողականին: Այս մասին հարակից զեկուցմամբ տեղեկացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Պատգամավորը հավելել է, որ այդ քննարկումներին չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը: «Ինձ համար ցավալի է արձանագրել, որ իրենց չմասնակցելով 2023 թ. բյուջեի համատեքստում որեւէ կերպ լսելի չեն դարձրել նրանց ընտրած քաղաքացիների ձայնը, իսկ այդ քաղաքացիներն ունեցել են նկատառումներ, խնդիրներ, հարցեր»,- նշել է նա: Գեւորգ Պապոյանը հավաստիացրել է, որ իշխանությունը քննարկման ժամանակ փորձել է բարձրաձայնել նաեւ այդ հարցերն ու խնդիրները:

Հանձնաժողովի նախագահը 2023 թ. բյուջեն բնորոշել է ե՛ւ սոցիալական, ե՛ւ անվտանգային, ե՛ւ զարգացման, ե՛ւ առկա մարտահրավերներին արձագանքող: «2023 թ. պետական բյուջեն մոտ 2,6 տրիլիոն դրամ ծախսային մաս ունի, որը գրեթե 80 տոկոսով ավելի մեծ է 2018 թ. պետական բյուջեից, իսկ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 19 տոկոսով»,- ասել է նա:

Հարակից զեկուցողի տեղեկացմամբ 2018 թ. համեմատ 56 տոկոսով ավելացել են նաեւ սոցիալական հատկացումները, իսկ 2022 թ. համեմատ՝ 12 տոկոսով՝ կազմելով 650 մլրդ դրամ, որը պետական բյուջեի 25 տոկոսն է: «2022 թ. ընթացքում մեկ ուղղակի եւ մեկ անուղղակի եղանակով ունեցել ենք կենսաթոշակների ավելացում: Եւս մեկը կունենանք 2023 թ. ընթացքում, եւ միջին կենսաթոշակը մոտ 44.500 դրամի փոխարեն կանցնի 50.000 դրամը՝ դառնալով գրեթե 50.500 դրամ»,- ընդգծել է Գեւորգ Պապոյանը:

Անվտանգությանն ուղղվող ծախսերը, ըստ զեկուցողի, անհամեմատ մեծ են՝ 509 մլրդ դրամ: Ավելացել են նաեւ կապիտալ ծախսերը՝ կազմելով մոտ 550 մլրդ դրամ:

Անդրադառնալով գնաճի խնդրին՝ պատգամավորը նշել է, որ այս պահի դրությամբ այն Հայաստանում 9,5 տոկոսի շրջանակում է, որը հարեւան երկրների համեմատ ամենացածրն է՝ Թուրքիայում 85,5 տոկոս է, Իրանում՝ 52,2 տոկոս, Ադրբեջանում՝ 13,6 տոկոս, Վրաստանում՝ 10,6 տոկոս:

Գեւորգ Պապոյանը համոզմունք է հայտնել, որ գնաճի չեզոքացման լավագույն տարբերակներից են աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումը: Այդ համատեքստում նա նշել է, որ 2022 թ. ինն ամսվա կտրվածքով Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է 13,4 տոկոսով՝ հասնելով 225.500 դրամի:

«Փաստացի միջին աշխատավարձի աճն ավելի առաջանցիկ տեմպերով է աճել, քան գնաճը: Պետական հատվածում այն աճել է 4,5 տոկոսով, մասնավորում՝ 16,2 տոկոսով»,- նշել է պատգամավորը: Նա ընդգծել է, որ 2023 թ. մինչեւ 25 տոկոսով կբարձրանան աշխատավարձերը:

Անդրադառնալով գործազրկության մակարդակին՝ պատգամավորը նշել է, որ այն այս պահին երբեւէ եղածներից ամենացածրն է:

Հանձնաժողովի նախագահը, պատասխանելով այն քննադատություններին, թե ինչու պետությունն արհեստական չի միջամտում դրամի փոխարժեքին, այն արհեստական չի բարձրացնում, նշել է, որ պետությունը գործում է շուկայական միջավայրում եւ փոխարժեքի շուկան եւս կարգավորվում է շուկայական միջավայրում, իսկ փոխարժեքի արհեստական բարձրացումը կարող է բերել ավելի մեծ գնաճի, որի հիմնական տուժողը դառնալու է ՀՀ քաղաքացին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...