«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաեւ այլ հաստատություններում, ինչպես նաեւ հստակեցնել ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին նշանակելու եւ աշխատանքային պայմանագիր կնքելու լիազորությունները:
Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Ստեփանյանի՝ նախագծով գործող օրենքում առաջարկվում է կատարել ութ փոփոխություն, խմբագրվում են որոշ դրույթներ: Հստակեցվում է նաեւ հանրակրթական ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների նպատակով տրամադրվող ֆինանսավորմանը վերաբերող դրույթը:
ԱԺ պատգամավորի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է կրթական գործընթացը դյուրին կազմակերպելը:
Հարակից զեկուցող ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել օրենսդիրների հետ համատեղ գործակցության վերաբերյալ եւ փաստել, որ ընդհանուր առմամբ Կառավարությունը դրական է գնահատում առաջարկվող փոփոխությունները:
Նշվել է, որ գործադիրը ներկայացրել է նաեւ մի շարք բովանդակային եւ խմբագրական դիտարկումներ: Ըստ փոխնախարարի՝ վարչական աշխատողը պետք է զբաղվի իր հիմնական աշխատանքով, իսկ դասավանդել կարող է միայն անհրաժեշտության դեպքում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համատեղ քննարկել ու ճշգրտել որոշ հարցեր:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում: