Տպել
29.11.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ունեցել են մարզային հանդիպում
1 / 7

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին իրականացրել են քաղաքացիների ընդունելություն Արարատի մարզում, որին մասնակցել են նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (ԱՍՀՆ ՄՍԾ) պետի տեղակալներ Անի Չիլինգարյանը եւ Թամարա Թորոսյանը, ինչպես նաեւ Արարատի մարզպետարանի ու ԱՍՀՆ ՄՍԾ տարածքային կենտրոնների (ՏԿ) ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քաղաքացիներն ու ԱՍՀՆ ՄՍԾՏԿ պատասխանատուները բարձրացրել են իրավակիրառ պրակտիկայում առկա հարցերը, քաղաքացիներն էլ իրենց հերթին ներկայացրել են իրենց անհատական կարիքները, որոնցից որոշները տեղում ստացել են հրատապ բավարարում, իսկ մնացյալ խնդիրները հընթացս կստանան հնարավոր լուծումներ՝ օրենքի թույլատրելի սահմաններում:

Աշխատանքային հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժողովրդագրության, սոցիալական անապահովության գնահատման, զբաղվածության քաղաքականության սպասվող օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝ ոլորտում արձանագրված առկա խնդիրների վերաբերյալ՝ կապված ստվերային զբաղվածության, մարզում գործազրկության, կայուն աշխատատեղերի առկայության, համայնքային սոցիալական բնակֆոնդի բացակայության, ծնողավարման հմտությունների բացակայության հետ:

Հանդիպման մասնակիցների կողմից կարեւորվել է նաեւ երեխայի խնամքի համատեղումն աշխատանքային զբաղվածության հետ, որին միտված է պետական սոցիալական քաղաքականությունը:

Մարզային այցի ընթացքում նաեւ ներկայացվել է կոնկրետ շահառուի հաջողված պատմություն՝ պայմանավորված նպաստառուից ձեռներեցի կարգավիճակի սահուն անցմամբ, որի արդյունավետության գնահատման վերջնական ցուցիչը նպաստային համակարգի շահառուի կարգավիճակի սպասվող դադարեցումն է:

Արարատի մարզի բնակիչների կողմից բարձրացված խնդիրները, կարիքներն արձանագրվել են սոցիալական քաղաքականության նպատակային վերանայման համար:

Հանձնաժողովի նախագահը հանդիպման ավարտին նշել է, որ հանձնաժողովը բաց է առաջարկների, դիտարկումների համար, որոնք հավելյալ կուսումնասիրվեն հանձնաժողովի կողմից եւ կլավարկեն օրենսդրական դաշտը:

Մարզային այցը կայացել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից, իրականացվում՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: