Տպել
06.12.2022
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ որոշմամբ որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Մկրտիչի Գրիգորյանի թեկնածությունը: Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու երկարամյա աշխատանքային ուղին: Հայկ Գրիգորյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է, շուրջ 47 գիտական հոդվածների եւ 3 մենագրությունների հեղինակ, որոնք վերաբերում են քրեական եւ միջազգային իրավունքի, քրեական դատավարության եւ քրեագիտության հիմնահարցերին:

Շնորհակալություն հայտնելով խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է իրականացված դատաիրավական բարեփոխումներին, որոնք նրա գնահատմամբ բարերար ազդեցություն են ունեցել ԲԴԽ գործունեության իրականացման վրա: Նա, մասնավորապես, նշել է, որ իրավական ակտերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանադրաիրավական կարգավորումների եւ վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումների շնորհիվ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական նպատակն իրացնելու համար օժտվել է անհրաժեշտ եւ բավարար իրավական գործիքակազմով:

Հայկ Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականություններն իրականացնել իրավունքի եւ օրենքի գերակայության սկզբունքների հիման վրա: Նա նկատել է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության՝ դատական իշխանության գործերին թե՛ ներքին, թե՛ արտաքին միջամտությունն արգելվում է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Հայկ Գրիգորյանից հետաքրքրվել է, թե ընտրվելով ԲԴԽ անդամ՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նման միջամտությունները կանխարգելելու ու անկախ դատական համակարգ ապահովելու համար, այդ թվում՝ գործող իշխանություններից: «Ինձ համար, որպես Ձեզ ընտրողներից մեկը, շատ կարեւոր է, թե Դուք ինչպես եք այդ անկախությունն ապահովելու»,-ընդգծել է Արսեն Թորոսյանը:

«ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ, այդ թվում՝ դատաքննությունների ընթացքում տեղի ունեցած միջամտություններին. դա արդար քվեարկությունն է»,-պատասխանել է Հայկ Գրիգորյանը: Նրա խոսքով, երբ համապատասխան մարմինների կողմից հարուցվեն կարգապահական վարույթներ եւ ներկայացվեն ԲԴԽ, ինքը, միանշանակ, անաչառ է քվեարկելու: Արձագանքելով՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ ԲԴԽ-ի անաչառության վերաբերյալ այս բանավեճը երկար է տեւում ու հայտնի է, թե երբվանից է սա գալիս:

«Մեր ընտրողներին պետք է հնարավորինս համոզենք եւ ցույց տանք, որ դա մեր հանձնառությունն է՝ ունենալ անկախ դատական համակարգ, եւ ոչ թե դատական համակարգ, որը կատարելու է գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները: Ես սա շատ կարեւորում եմ, եւ կարծում եմ, որ այլընտրանք չունենք»,-ասել է Արսեն Թորոսյանը: