Տպել
06.12.2022
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի հարցեր
1 / 1

Խորհրդարանը դեկտեմբերի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

Ազդարարման համակարգի կատարելագործմամբ եւ զարգացմամբ, ինչպես նաեւ ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Ազդարարման համակարգի մասին» եւ հարակից օրենքներում: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով առաջարկվում է ընդլայնել ազդարարման ոլորտը եւ դրա հետ կապված հարաբերությունները տարածել նաեւ մասնավոր ոլորտի, առեւտրային եւ ոչ առեւտրային, ինչպես նաեւ համայնքային կազմակերպությունների վրա:

Առաջինից երկրորդ ընթերցում օրինագծերում կատարվել են բովանդակային եւ տեխնիկական փոփոխություններ: Խմբագրվել է «հանրությանը ազդարարում» հասկացությունը:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների շահերի բախման, անհամատեղելիության պահանջների եւ նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները կատարելագործելու նպատակով գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Հանրային ծառայության մասին» եւ հարակից օրենքներում: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի՝ փոփոխությունները միտված են «շահերի բախման» հասկացության վերանայմանը, շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքների նախատեսմանը, կարգավորումների դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակի հստակեցմանը, ինչպես նաեւ նվերների հաշվառմանը, սահմանափակումներին եւ համապատասխան ռեեստրի վարմանը:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ըստ այդմ՝ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Ալխաս Ղազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Գեւորգ Պապոյանի խոսքով փոփոխության նպատակն է ՀՀ բազմաթիվ քաղաքացիների ազատել որոշակի իրավիճակում հարկային լրացուցիչ պարտավորություններից: Անհատական բնակելի նորակառույց տունը երկու տարվա ընթացքում վաճառելու դեպքում քաղաքացին պետք է վճարի լրացուցիչ 20 տոկոս եկամտային հարկ: Պատգամավորներն առաջարկում են ազատել քաղաքացիներին այդ հարկից:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եւ կից այլ օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Առաջարկվում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով. 2022 թ. ընթացքում 1 մլ համար՝ 50 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թ. ընթացքում 1 մլ համար՝ 55 դրամով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը քննարկումների երկարատեւ փուլ է անցել եւ ավարտվում է ընթացիկ տարին՝ Կառավարությունն առաջարկում է նոր համակարգը ներդնել 2023 թ. հունվարի 1-ից: Ըստ այդմ՝ նախագծից հեռացվել է 50 դրամ դրույքաչափը, ասել է փոխնախարարը եւ հավելել. «Կունենանք մեկնարկային՝ 55 դրամ դրույքաչափ»:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում, ՀՀ հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները: Փաթեթի ընդունումը կնպաստի վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը եւ անվտանգության ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ՀՀ սեփականություն հանդիսացող չկառուցապատված հողամասերի կառավարման եւ օտարման լիազորությունները կփոխանցվեն Կառավարությանը եւ Պետական գույքի կառավարման լիազոր մարմնին:

Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ փոփոխությունների նպատակն է ներդրումային միջավայրի համար բարենպաստ միջավայրի ապահովումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է «Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները: 2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլեւս կանխիկացում հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի առաջարկվում է 2023 թ. փետրվարի 1-ից հետո Հայփոստի էլեկտրոնային փողի հաշիվների գործարքները փոխանցել բանկերին, այսինքն` վճարումը կիրականացվի բանկային քարտի միջոցով: Փոխնախարարի խոսքով 2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը:

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով Կառավարությունը 2023 թ. հունվարի 1-ից առաջարկում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ. հաշվարկային հիմքում ընկած է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումներն ու մակրոտնտեսական ցուցանիշները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում կատարվել են որոշակի խմբագրական բնույթի փոփոխություններ:

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բուժաշխատող-գործատու իրավահարաբերություններում ներդնել աշխատողի աշխատանքային ժամանակահատվածում մասնագիտական զարգացման, հավաստագրման եւ այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ վարձատրման, մասնագիտական գործունեության ստաժի հաշվարկման եւ երաշխավորված աշխատանքային գործունեությունը շարունակելու իրավական հիմքերը:

Կառավարության հեղինակած ««Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար սահմանել լիազորող նորմեր:

Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել է գազալցակայաններում եւ բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում սահմանել համաչափ տուգանքի մեխանիզմներ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է ՀՀ չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկին իրականացված ստուգմամբ չկատարելու դեպքերում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 1 տոկոսի չափով:

Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխել վարչական իրավախախտումների տուգանքի չափը, որը կիրառվում է ընդհանուր օգտագործմամբ պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ 1 սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տնտեսավարողների դեպքում: Մասնավորապես, նախատեսվել է յուրաքանչյուր տոննայի համար ավելի բեռնվածքը գերազանցելու դեպքում սահմանել պատասխանատվության միջոց՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:


06.12.2022
Նոր կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Փոխնախարա...

06.12.2022
Նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ձեւավորել պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ...

06.12.2022
Առաջարկվում է բարելավել համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը
Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին: Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է իրավաբանական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան համարել յու...

06.12.2022
Փոփոխություններ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Այս մասին ասել է ...

06.12.2022
Ժամանակավորապես՝ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. փոփոխություններ եւ լրացում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում
«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ ...

06.12.2022
Նոր կարգավորմամբ լիազոր մարմնին վերապահվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգը եւ պայմանները հաստատելու իրավասություն
2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գոր...

06.12.2022
Ընտանեկան բժշկի, թերապեւտի եւ մանկաբույժի ընտրության կարգը կհաստատի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայությամբ կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլեւս չեն գործում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Բնակչությա...

06.12.2022
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ որոշմամբ որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացք...