Տպել
09.12.2022
Անվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
1 / 4

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների փաթեթը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը դեռեւս 2018 թ. սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց, որն առավել ինտենսիվացել է. դրա անհրաժեշտությունն ավելի է սրվել 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, եւ հիմնական խնդիրներից մեկն անվտանգության մարմինների արդյունավետության բարձրացումն է:

Վերոնշյալ բարեփոխումների շրջանակում, ըստ Արմեն Գրիգորյանի, հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: Նրա խոսքով 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարեւորվում է, որովհետեւ դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը: Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այս պահին հստակեցումներ են կատարվում ատեստավորման համակարգում:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Պատգամավորը, անդրադառնալով «սուպեր վարչապետության» քննադատությանը, նշել է, որ երբ Ոստիկանությունը դառնա ՆԳ նախարարություն, այն կլինի ԱԺ վերահսկողության ներքո, որից հետո վերոնշյալ թեզը կդառնա պատմություն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով քողարկված ձեւով ավելացվում է վարչապետի լիազորությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից խոսել է Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարը եւս խոսել է  ընդդիմության առաջ քաշած «սուպեր վարչապետության» մասին` նշելով, որ դրա դեմ պայքարելու լավագույն ճանապարհը զսպումների եւ հակակշիռների միջոցով խորհրդարանական վերահսկողությունն է, որն Ազգային ժողովի ամենակարեւոր գործիքներից է: Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ հենց այս նախագծի քննարկմանը հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներ ներկա չեն եղել: 

Հարցը քվեարկությամբ ընդունվել է առաջին ընթերցմամբ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...