Տպել
17.01.2023
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
1 / 3

Ազգային ժողովը հունվարի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Գառնիկի Բարսեղյանի թեկնածությունը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ հանձնաժողովն ԱԺ խմբակցություններից ստացել է մեկ թեկնածության առաջարկ, քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը: Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը, աշխատանքային ուղին ու մարդկային որակները:

Գագիկ Բարսեղյանը տնտեսագետ-հաշվապահական հաշվառման եւ ֆինանսների գծով մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու: Մասնագիտական կարողությունների եւ որակների զարգացման նպատակով արտերկրում մասնակցել է տասնյակ դասընթացների, զբաղվել նաեւ դասախոսական աշխատանքով: 2002 թվականից աշխատել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ, այնուհետեւ` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: 2016 թվականի հունվարից Գագիկ Բարսեղյանն ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է, ով ի պաշտոնե ղեկավարում է այդ կառույցը:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ, հիմնվելով իմ գիտելիքների, փորձի եւ հմտությունների վրա, պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն»,- իր ելույթում նշել է Գագիկ Բարսեղյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` իր թեկնածությունն առաջադրելու համար, անդրադարձել անկախ եւ պրոֆեսիոնալ բարձրագույն աուդիտորական մարմինների դերակատարությանն ու նրանց գործունեության ուղղություններին: Թեկնածուն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչպիսի աշխատանքներ է պետք իրականացնել` վերոնշյալ բարդ ոլորտը զարգացնելու համար:

Հաջորդիվ խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: