Տպել
24.01.2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության տնօրենին
1 / 5

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնացվել են տուրիզմը, առողջապահության եւ ՏՏ ոլորտները, մշակութային փոխգործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը ողջունում է զարգացող ոլորտներում ներդրումային համագործակցության առաջարկները եւ հավելել, որ դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումների ներգրավման համար իրականացված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Ներդրումային գործակալության տնօրենը գործընկերներին է ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Նրա խոսքով Հայաստանը ներդրումային քաղաքականության առումով հուսալի գործընկեր է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության օրակարգի մշակման համար: