Տպել
03.02.2023
Խորհրդարանական լսումներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու վերաբերյալ
1 / 23

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Թեման Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու հարցն էր:

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկով լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Արցախյան բոլոր պատերազմների զոհերի հիշատակը:

Բացելով լսումները` Սեյրան Օհանյանը նկատել է, որ դրանք անցկացվում են ռազմաքաղաքական բարդ իրավիճակում, եւ այսօր անհրաժեշտություն է նման քննարկումը:

«Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարությանը, արդեն 54 օր փակված Լաչինի միջանցքի հարցին անդրադարձել է խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը` վեր հանելով Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ իշխանության եւ ընդդիմության մոտեցումներն ու հակասությունները: «Հայաստանի քաղաքական օրակարգում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը, եւ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն` Արցախի անվտանգության եւ այլ հարցերին տեր կանգնելու: Այս կետերի շուրջ իշխանությունը մեզ հետ համաձայն չէ»,- շեշտել է պատգամավորը:

Նա նաեւ ընդգծել է, որ Լաչինի միջանցքի փակումն Արցախին կանգնեցրել է հումանիտար ճգնաժամի առաջ: «Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրներն առայժմ գտնվում են ներքաղաքական դաշտում: Մենք կարող ենք փոփոխություն մտցնել այս իրավիճակում, եթե կարողանանք հանրային-քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով Հայաստանի քաղաքականության փոփոխություն իրականացնել»,- ընդգծել է բանախոսը:

Խմբակցության հայտարարությամբ խստորեն դատապարտվում են նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին եւ 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը: Նշվում է, որ Ադրբեջանի վերոնշյալ հանցավոր գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի` Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ ապահովելու է Արցախի կապը Հայաստանի հետ: Ըստ խմբակցության` Բաքուն իր այս ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, փորձում Արցախում ստեղծել վախի մթնոլորտ եւ հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ` նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել եւ նոր պատերազմ սանձազերծել:

Հայտարարությամբ միջազգային հանրությանը կոչ է արվում դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ եւ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ ձեռնարկել:

Մտքերի փոխանակության ընթացքում լսումների մասնակիցներն անդրադարձել են միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իրենց մոտեցումներին, ԼՂ հակամարտության հիմնախնդրին, տասնամյակներ ընթացող բանակցային գործընթացին ու 3 հիմնարար սկզբունքներին, հակամարտության կարգավորման հարցում իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցին եւ այլն:

Ելույթ ունեցողները քննադատել են Հայաստանի իշխանություններին` նշելով մի շարք գործոններ, որոնց հետեւանքներն այսօր երեւում են: Խոսել են իշխանությունների անգործությունից,  պատերազմից ու դրան հաջորդող իրավիճակից, քաղաքացիներին խոստումներ տալու եւ չկատարելու, Արցախի` ինքնորոշման իրավունքի հարցում թերանալու, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի հարցին լուծում տալու թերանալու մեջ: Խոսել են նաեւ իշխանափոխությունից, ինչը ոչ բոլորի կարծիքով է համարվել արդիական:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` Անդրանիկ Թեւանյանը մասնակիցներին հորդորել է գրավոր ներկայացնել առաջարկները: Նա պարզաբանել է, որ շրջանառության մեջ գտնվող հայտարարության տեքստը գրվել է դեռեւս դեկտեմբերի 12-ին եւ այն նախատեսվում է հավելյալ լրամշակել:

Պատգամավորը կարեւորել է նաեւ ընդդիմությանն ուղղված քննադատությունները:

«Արցախի ապագան ինքնորոշումն է իր իսկ պատմական տարածքում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հարցում մեր աջակցությունը ցուցաբերենք»,- եզրափակիչ խոսքում շեշտել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շնորհակալություն հայտնելով լսումների մասնակիցներին շահագրգիռ քննարկման եւ առաջարկների համար:

Նշենք, որ լսումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախկին եւ գործող պատգամավորներ, քաղաքագետներ, իրավագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք: