Տպել
16.02.2023
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Բաբկեն Թունյանը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ հավելել՝ երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Երկկողմ փոխգործակցության շրջանակում ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերն ու մասնավորապես բարեկամական խմբերի գործուն նշանակությունը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա պատճառով առաջացած հումանիտար հետեւանքներին՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ նման քայլը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, եւ դա պետք է հստակ ու հասցեական դատապարտվի միջազգային գործընկերների կողմից:

Դեսպանը կարեւորել է խնդրի կարգավորումը խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Նա նշել է, որ պատրաստ են միջազգային կազմակերպությունների հետ աջակցել հարցի լուծմանը:

Որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար՝ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցությանը եւ խոսել չինական գործարար համայնքի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու կարեւորության մասին: Նա անհրաժեշտ է համարել հետագա անելիքների հստակեցումը եւ առաջիկա գործողությունների նախնական ճանապարհային քարտեզ ունենալը: Պատգամավորը հիշեցրել է, որ այս տարի նախատեսվում է տնտեսական բարձր աճ եւ պետության կողմից կապիտալ ծրագրերի ակտիվացում:

Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում բարեկամական խմբերի աշխատանքին, որը կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում ՉԺՀ դեսպանը կարեւորել է խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սահմանափակումները մեղմացվել են:

Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանը երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:


16.02.2023
Խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն են. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լատվիան մեր երկրի համար Եվրոպայում կարեւոր գործընկեր է...