Տպել
20.02.2023
Քննարկվել են Հայաստան-Իրան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր
1 / 5

2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրվել եւ 2019 թվականի ապրիլի 11-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ եւ դրա անդամ պետությունների եւ ԻԻՀ միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը` նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ կողմերի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ փոխադարձ շահ ներկայացնող ոլորտներում կողմերի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համար: Ժամանակավոր համաձայնագիրը, հանդիսանալով ԵԱՏՄ եւ Իրանի առեւտրատնտեսական ինտեգրման ճանապարհի առաջին քայլը, նախատեսում է նաեւ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրում: ԵԱՏՄ-Իրան առեւտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման եւ խորացման, ինչպես նաեւ ազատ առեւտրի ռեժիմի վերջնական սահմանման գործում չափազանց կարեւոր է մեր երկրի դերը, նշանակությունը եւ նախաձեռնողական քաղաքականությունն առ այն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Հանձնաժողովի` փետրվարի 20-ի նիստում քննարկվել են Հայաստան-Իրան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Ըստ Վաղարշակ Հակոբյանի` վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալները դրսեւորել են դինամիկ աճի միտում: Նշվել է, որ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի նաեւ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գիծը, ինչը թույլ կտա Հայաստանից Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները զգալիորեն մեծացնել: Երկու երկրների միջեւ գործող գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնության շրջանակում տարեկան Իրանից Հայաստան է ներկրվում 365 մլն խորանարդ մետր գազ. պայմանավորվածություններ կան այդ ծավալները մեծացնելու:

Երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերի վերաբերյալ զեկույցում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասն ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհաշինության ծրագրի վերաբերյալ տեղեկություններ: Ըստ նրա` փաստացի միայն պատրաստ է Արտաշատ-Երեւան-Աշտարակ հատվածը: Մյուս հատվածները գտնվում են իրականացման տարբեր փուլերում: Շինարարական փուլում է գտնվում Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածը: 2023 թվականի հունվար ամսից սկսվել են նախապատրաստական որոշակի աշխատանքներ Աշտարակից Ագարակ հատվածի 8 կմ, մրցութային գործընթացում է դեպի Թալին ձգվող հատվածը: Գյումրին շրջանցող եւ դեպի Բավրա ձգվող հատվածների համար կան պատվիրված նախագծեր, եւ ընթանում են որոշակի քննարկումներ:

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է թունելաշինության եւ կամրջաշինության կառուցման հարցերով: Նրա խոսքով ՀՀ ռելիեֆները հուշում են, որ լուրջ համակարգեր պետք է ունենալ: Խաչատուր Սուքիասյանը կարեւորել է տեղական ուժերով աշխատանքներ իրականացնելու հարցը` փաստելով, որ համապատասխան գործիքներ պետք է ձեռք բերվեն շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Գնել Սանոսյանը կարեւորել է պատգամավորի դիտարկումը: Նա  հավելել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Սյունիքում տեղի շինարարների ուժերով կառուցվել է 5-6 նոր ճանապարհ, որոնք Հայաստանի նորագույն պատմության մեջ նորություն էին իրենց բարդությամբ, ռելիեֆով, ճանապարհաշինարարական լուծումներով: «Ակնհայտ է, որ այսօր մեր ճանապարհաշինարարական ընկերությունների կարողությունները մեծացել են»,- ընդգծել է Գնել Սանոսյանը` հավելելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհաշինության ծրագրի շրջանակում կառուցվող ճանապարհների, 27 կամուրջների, 12 թունելների աշխատանքներին մասնակցում են աշխարհի խոշոր ընկերություններ: Նա հույս է հայտնել, որ տեղի ընկերությունները կներգրավվեն այդ աշխատանքներում` որպես ենթակապալառուներ. այս ճանապարհները համատեղ կառուցելով` տեղի ընկերությունները ձեռք կբերեն մասնագիտական կարողություններ:

Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվել է, թե երբ ի վերջո կավարտվի Հյուսիս-հարավ ճանապարհաշինության ծրագրի իրագործումը, շեշտելով, որ ծրագրի որոշ հատվածների մասով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, ընթանում են դատական գործընթացներ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն անդրադարձել է Իրան-Հայաստան գազատարի լիարժեք թողունակության օգտագործման հնարավորություններին: Ըստ նրա` Իրան-Հայաստան գազատարը տարեկան մոտավորապես 2,3 մլրդ խորանարդ մետր գազի տեղափոխման հնարավորություն ունի, սակայն Հայաստանն օգտագործել է մինչեւ 500 մլն խորանարդ մետր` չհաշված, որ որոշ տարիներին օգտագործվել է մոտավորապես 365 մլն խորանարդ մետր:

Պատգամավորները հետաքրքրվել են գազատար նոր խողովակների, էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցման, ինչպես նաեւ դրանց գործարկման անվտանգության հարցերով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հակիրճ ներկայացրել է Իրանի հետ հարաբերություններում մաքսային բնագավառում նախատեսվող փոփոխությունները: Ըստ նրա` սկսվել է Մեղրիի անցակետի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու Էկոնոմիկայի նախարարությունների եւ իրանական կողմի հետ համատեղ մշակվում է համաձայնագրի նախագիծ, որով նախատեսվում են տարբեր հարկերի վճարների որոշակի նվազեցումներ, ինչն էական նշանակություն կարող է ունենալ առեւտրաշրջանառության ծավալի մեծացման համար:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը տեղեկացրել է, որ առեւտրաշրջանառությունն Իրանի հետ նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 41 տոկոսով: Նրա դիտարկմամբ Հայաստանից արտահանումն ավելի մեծ տեմպերով է աճում, քան ներմուծումը: 2022 թվականին Հայաստանից արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 70 տոկոսով, իսկ ներմուծումը` շուրջ 36,9 տոկոսով: Իրան արտահանվող հիմնական ապրանքատեսակները եղել են էլեկտրաէներգիա, շոկոլադ, երկաթ եւ ծխախոտ, ներմուծվել է գազ, նավթամթերք եւ բիտում:

Վաղարշակ Հակոբյանը, անդրադառնալով բանախոսների ներկայացրած Հայաստան-Իրան առեւտրաշրջանառությանը վերաբերող ցուցանիշներին, թվային աճին, շեշտել է, որ արձանագրված տեմպերը պահելու ու մեծացնելու ներուժ կա:
 


20.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արձանագրության վավերացմանը վերաբերող օրինագծին
Համաձայնագրի 5.7 հոդվածը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության  միջեւ էլեկտրոնային տեղեկատվության կանոնային փոխանակում ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի հիման վրա. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախ...

20.02.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...