Տպել
15.03.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ոսկու խտանյութը եւ համաձուլվածքը մեր երկրում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայր կձեւավորվի. Ֆինանսների փոխնախարար
1 / 8

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակը ոսկու խտանյութը եւ համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է. ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Ըստ նրա՝ առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությամբ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն սահմանվում է միայն թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված` ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարման համար:

Արման Պողոսյանի հավաստմամբ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձեւավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց եւ արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջեւ կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ: Այս կերպ կխրախուսվի ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձեւավորումը մեր երկրի տարածքում:

«Մեր հիմնական նպատակն է նշված արտադրանքը չծանրաբեռնել ԱԱՀ-ով եւ հավասար պայմաններ ստեղծել մեր երկրում եւ արտերկրում ոսկու խտանյութի զտարկմամբ զբաղվողների համար»,- ասել է Արման Պողոսյանը:

Պատասխանելով հանձնաժողովի անդամ Թադեւոս Ավետիսյանի՝ ՀՀ-ից Թուրքիա ոսկու ձուլակտորների արտահանման վերաբերյալ հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փաստել է, որ թուրքական շուկան փակ է հայկական ապրանքների համար: Ընդհանուր ապրանքաշրջանառությունը 320 միլիոն դոլար է, որը միայն ներմուծումն է մեր երկիր: Ըստ Վահան Քերոբյանի՝ հայ-թուրքական սահմանի բացումը կտա լայն հնարավորություն հայկական ապրանքների արտահանումը կազմակերպելու համար:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...