Տպել
15.03.2023
Մատչելի բնակարան զինծառայողին պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թ. 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն. Սուրեն Պապիկյան
1 / 14

2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը, որի շրջանակում իրականացվել են Զինված ուժերի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների, ենթակա միավորումների ու զորամասերի կազմ-կառուցվածքային փոփոխություններ: Կազմավորվել են ուսումնական կենտրոն, զորավարժադաշտ եւ նոր կարգապահական ստորաբաժանումներ: Իրականացվել են նոր կառուցվածքների ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքներ: Արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, մշակվել եւ հաստատման է ներկայացվել ճանապարհային քարտեզը. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում:

Հանձնաժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Նախարարի տեղեկացմամբ օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Սահմանվել են նաեւ մարտական խնդիրների իրականացմանն առնչվող պայմանագրային զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Ըստ զեկուցողի՝ մշակվել է ՀՀ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների զորահավաքային մասնագետների պատրաստության 10-օրյա ծրագրի նախագիծ, ինչն այժմ գտնվում է համաձայնեցման փուլում: Ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ դրանց տեւողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ ընդգրկելու նպատակով:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել եւ հաստատման են ներկայացվել մի շարք ռազմավարական բնույթի ու այլ առաջնորդող փաստաթղթերի նախագծեր: Պետական սահմանի պահպանության գործառույթը փուլ առ փուլ փոխանցվում է ՀՀ սահմանապահ զորքերին: Առաջնագծում շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը եղել է մեր ուշադրության կենտրոնում, եւ 2022 թվականի ընթացքում մշակվել է Մատչելի բնակարան զինծառայողին պետական նպատակային ծրագրի շրջանակում զինծառայողներին հիպոտեկային վարկի կանխավճարի տրամադրման եւ տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման ապահովմանը վերաբերող ծրագիրը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը եւ հավելել՝ ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջնագծի կահավորմանը, ինժեներական աշխատանքների ընթացքին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների կարգավորմանը, անվտանգային համակարգում առկա խնդիրներին:

Նախարարը նշել է, որ բանակը կարգապահ դարձնելու համար մի շարք քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ: Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ 2021 թվականի նկատմամբ 2022 թվականին դեպքերի, պատահարների եւ հանցագործությունների էական նվազեցում կա: Զեկուցողի խոսքով համակարգում, այդուամենայնիվ, խնդիրները շատ են, եւ դրանց լուծման ուղղությամբ նախարարությունն իրականացնում է հսկայական աշխատանք:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...