National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.03.2023
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին» նախագծին
1 / 12

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը` «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին»: Նա նշել է, որ նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ դիմումը:

«Այնտեղ ներկայացված փաստերի վերլուծությունից ենթադրվում է, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է այդ պաշտոնում ընտրված անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Այս պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմել ՍԴ` անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով: «Ժողովրդավարական եւ իրավական պետություններում անթույլատրելի է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնի հետ անհամատեղելի գործունեության իրականացումը, առավել եւս, երբ այն վերաբերվում է ՍԴ դատավորին»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Դիմումում նշվում է, որ Սեդա Սաֆարյանը «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» անվանումով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 1994 թվականի օգոստոսի 11-ին:

Պետական ռեգիստրում առկա տեղեկության համաձայն 2023 թվականի հունվարի 27-ին տվյալ ԱՁ-ն հանվել է հաշվառումից, ընդ որում` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» ԱՁ գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որեւէ այլ գրառում առկա չէ: Այսինքն` պետռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկության համաձայն Սեդա Սաֆարյանն առանց ընդհատումների որպես անհատ ձեռնարկատեր գործել է 1994 թվականի օգոստոսի 11-ից 2023 թվականի հունվարի 27-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր դիտարկումով համաձայնվել է Արծվիկ Մինասյանի հետ, որ Սեդա Սաֆարյանն իսկապես ունի բարձր մասնագիտական որակավորում ու հիմնավորել է. «Այլապես նրան չէր հաջողվի ՄԻԵԴ-ում ապացուցել, որ 2004 թվականին Վարդենիսում մի ընտանիքի վրա ուղղակի գործ է «կարվել», խախտվել է նրանց արդար դատաքննության իրավունքը եւ 2004 թվականից մի ամբողջ ընտանիք նստած է եղել բանտում` 13 եւ 9 տարի ազատազրկմամբ: Ուրիշ բան է, որ այդ ժամանակ երկրի քաղաքական իշխանությունը խրախուսող էր նման դատական վճիռների նկատմամբ»:

«Նախորդ անգամ ՍԴ դիմել էիք «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված. որեւէ կապ կա՞ այս երկու դիմումների միջեւ եւ քանի՞ պատգամավոր է Ձեր խմբակցությունից անցնում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» գործերով: Սեդա Սաֆարյանն ինչ-որ մեկից գումա՞ր է վերցրել, ծառայություն մատուցել, թե՞ ոչ»,- հետաքրքրվել է Վահագն Ալեքսանյանը:

Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ իրենց դիմումը ՍԴ ոչ թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի չեղարկմանն է վերաբերել, այլ վիճարկել են կոնկրետ ձեւակերպումներ, որոնք իրավական անորոշություն են ստեղծել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ այն բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացվել են` Սեդա Սաֆարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, այդպես չէ:

Ի պատասխան Արփինե Դավոյանի` Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ներկայացված դիմումը փաստի վրա հիմնված դիմում է:

«Ունենք հստակ փաստեր, որոնց համադրման արդյունքում կարիք կա, որ ՍԴ -ն անդրադառնա այս հարցերին, տա պատասխան, անի մեկնաբանություն»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե Սեդա Սաֆարյանի փաստաբանական լիցենզիայի կասեցումը եւ անհատ ձեռանարկատիրոջ կարգավիճակի դադարեցումն ինքնուրույն է իրականացրել, թե որեւիցե այլ պետական մարմին, այլ հասարակական կազմակերպություն հայտնաբերել է խախտումը, որից հետո Սեդա Սաֆարյանը ձեռնարկել է գործողություններ:

«Չեք կարծո՞ւմ, որ ՍԴ-ի համար արհեստական թրաֆիկ եք ստեղծում, որ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված քննարկումը հետաձգվի: Վերջին ժամանակահատվածում «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ի վրա հարձակում էր սկսել, ես եմ դա այդպես անվանում, շաբաթը մեկ մի հատ դիմում էր ուղարկում, որ ծավալի մեջ ՍԴ-ն պարզապես չկարողանա գործի»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Ի պատասխան` Արծվիկ Մինասյանն ասել է, որ իրենք չեն որոշողը Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ կարվի՞, թե՞ ոչ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս Սեդա Սաֆարյանը, եւ որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան էլ հետաքրքրվել է Արծվիկ Մինասյանից, թե այս փաստերի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու, եզրակացություն տալու համար արդյո՞ք շահերի բախման վերաբերյալ դիմել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ չեն դիմել եւ հավելել է, որ իրենց ներկայացրած դիմումի մեջ շահերի բախման վերաբերյալ վերլուծություն չկա:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակայանն իր ելույթում նշել է, որ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծում նշվում է երեք ժամկետ. մեկամսյա ժամկետի սկիզբ «Հայաստան» խմբակցությունը համարում է 2022 թվականի սեպտեմբեի 15-ը` Սեդա Սաֆարյանի` որպես ՍԴ դատավոր ընտրվելու օրը, եւ եզրակացնում է, որ մեկամսյա ժամկետն ավարտվել է 2022 թվականի հոկտեմբերի 16-ին: Ըստ «Հայաստան» խմբակցության` Սեդա Սաֆարյանն ընտրվելուց հետո շարունակել է հանդես գալ որպես փաստաբան:

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ սեպտեմբերի 15-ը ժամկետի սկիզբ ընդունելն անհեթեթ է, քանի որ առաջնորդվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի` ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները: Անդրադառնալով մյուս ներկայացված ժամկետի խախտմանը` նա հղում է արել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին եւ նշել, որ ՍԴ նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո անհապաղ, «Հայաստան» դաշինքը եզրակացնում է, որ Սեդա Սաֆարյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին եւ ըստ դրա` համարում է, որ նա իր ձեռնարկատիրական գործունեությունը պետք է դադարեցներ 2023 թվականի հունվարի 11-ին:

Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ-ի կողմից ընտրված կամ նշանակված անձը Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում երդվելուց հետո: Սեդա Սաֆարյանի` ԱԺ-ում երդմամբ իր լիազորությունները ստանձնելու օրը դեկտեմբերի 16-ն է:

Արուսյակ Ջուլհակյանն արձանագրել է, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Սեդա Սաֆարյանը, հաշվի առնելով «Փաստաբանության մասին» օրենքը, դիմել է ՀՀ փաստաբանների պալատ խնդրանքով` կասեցնել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իր արտոնագրի գործողությունը նույն թվականի դեկտեմբերի 8-ից:

Հարակից զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը դիմել է ՊԵԿ եւ ներկայացրել է հայտարարություն իր ձեռնարկատիրական գործունեությունն այդ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին:

«Կարծում եմ, որ չենք կարող խոսել դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտման մասին, եթե կա խախտում, ապա դա տեխնիկական է»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:

Հանձնաժողովը դիմումի նախագծին տվել է բացասական եզրակացություն:

Հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ի նիստում:


20.03.2023
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 126 միջոցառում. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 612.6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 126 միջոցառում, կատարողականը կազմել է 98.7 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ աշխատանք...

20.03.2023
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նորանշանակ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Նա մեծապես կարեւորել է Վրաստանի հետ հարա...

20.03.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում: Նա նշել է, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայ...

20.03.2023
23 հարց` մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Մարտի 20-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նի...

20.03.2023
Խորհրդարանը հյուրընկալել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Մենք կարեւորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացումը. նշել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մարտի 20-ին Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավայի...

20.03.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.03.2023
Քննարկվել է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում կարգավորումներ կատարելու հարցը. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես, Եվրոպական դատարանում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու մասին եւ Արդարադատության միջազգային դատարանում նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավասությանը: Այս մասին ասել է ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրա...

20.03.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.03.2023
Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը մասնակցել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերին: Պատգամավորը ելույթ է ունեցել մարտի 16-ի նիստում: «Հանձնաժողովի հարգելի' անդամներ, Ժողովրդավարության եւ կառավարմա...

20.03.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am