Տպել
21.03.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ փաստացի արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը եւ վաճառքը
1 / 5

Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու համար:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ մարտի 21-ի հերթական նիստում:

Համաձայն ԵԱՏՄ տեխկանոնակարգերի՝ հրագործական արտադրատեսակները բաժանվում են հինգ խմբի: Առաջին եւ երկրորդ դասին են պատկանում ավելի թույլ հրագործական արտադրատեսակները: «Կարգավորմամբ մեր տեխկանոնակարգերը համապատասխանեցնում ենք ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին, եւ փաստացի արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումն ու վաճառքը: Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետական կամ համայնքնային նշանակության տոն օրերին է՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարեւոր միջոցառումների ժամանակ»,- պարզաբանել է Սիսակ Գաբրիելյանը: Առաջին եւ երկրորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը եւ վաճառքը կշարունակի գործել, սակայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորմանը եւ տեղափոխմանը վերաբերող դրույթներում:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, հետաքրքրվել է, թե երբվանից է գործելու երրորդ, չորրորդ դասի հրագործական նյութերի ներմուծման արգելքը: Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո տնտեսվարողներին կտրամադրվի վեցամսյա ժամկետ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվել է. «Երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառքն ու ներմուծումն արգելելուց հետո ինչքանո՞վ կազատվենք մարդկանց ծննդյան առիթով գիշերը 12-ին հրավառության աղմուկ-աղաղակից»: Սիսակ Գաբրիելյանը չի բացառել, որ գուցե ինչ-որ մարդիկ մաքսանենգ ճանապարհով ներկրեն այդ նյութերը եւ կիրառեն: Նա նաեւ նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո կիրառումը 90 եւ ավելի տոկոսով կնվազի: Օրինագծի հեղինակը տեղեկացրել է, որ տուգանքները բավականին խստացվել են. օրենքը խախտելու դեպքում գործող 50-100 հազար դրամ տուգանքի փոխարեն կվճարեն մինչեւ 3 մլն դրամ տուգանք:

Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է փարատելու քաղաքացիների մտահոգություններն ու անհանգստությունները կապված գիշերային հրավառությունների հետ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը շնորհակալություն է հայտնել հեղինակին կարեւոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Նրա խոսքով Կառավարության կողմից ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ եւ դիտարկումներ, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...