Տպել
21.03.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Խորհրդարանը մարտի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու եւ իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով: Հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով 2022 թվականին ՀՀ-ում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ մեր երկրում ներդրումների հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կկազմի 21,4 տոկոս` գերազանցելով նախորդ տարվա 20,7 տոկոս ցուցանիշը:

«Կառավարության ծրագրով մենք պարտավորվել ենք ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի»,- հիշեցրել է Վահան Քերոբյանը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխությամբ ԵԱՏՄ միասնական ապրանքային նշանի գրանցման նոր հնարավորություն է ընձեռվել: «Ներկայացված նախագծով սահմանվում են բոլոր այն տուրքերը, որոնք նման գրանցման պարագայում անհրաժեշտ կլինի վճարել պետական բյուջե»,- ընդգծել է զեկուցողը:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը կատարել է տեխնիկական փոփոխություն:

Քաղաքացիներին արտարժութային ռիսկերից պաշտպանելու նպատակով փոփոխություններ են առաջարկվում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում: Փոփոխությունների հեղինակներն են պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Նարեկ Գրիգորյանը: Նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաեւ արտարժույթով:

Հաջորդ նախաձեռնությամբ առաջարկվում է բուսական, կենդանական աշխարհների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտների իրավական ակտերը համապատասխանեցնել Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին, գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: ««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագծով նախատեսվում է միասնական կիրառություն սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար` անկախ սփռման տարածքից, օպերատորից եւ հեռարձակողից:

Նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանը: Գործող կարգավորումների համաձայն` ՀՀ ցանցային օպերատորներն իրենց տրամադրած տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն:

Հեռուստաընկերությունների իրավունքների պաշտպանությանը եւ ՀՀ քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովմանն է ուղղված պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

ՀՀ հարկային եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք արտացոլված են նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակում: Առաջարկները վերաբերում են լիզինգի գործիքի կիրառությանն առնչվող արտոնության շրջանակի նեղացմանը, ռեզիդենտ կազմակերպության բաժնեմասի ձեռքբերման եւ օտարման նախապայման համարվող եռամյա ժամանակահատվածը երկու տարով փոխարինելուն: Արման Պողոսյանի խոսքով հաջորդ փոփոխությունը վերաբերում է եկամտային հարկի գծով հաշվարկի ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը:

Մեկ այլ նախաձեռնությամբ գործադիրը կանոնակարգում է ոչ սահմանված վայրերում առեւտուր իրականացնելու գործընթացը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Երեւան քաղաքի բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը կանոնակարգելու նպատակով Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Նախաձեռնությունը եւս ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ընդունվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` նախազգուշացման հնարավորությանը վերաբերող առաջարկը, եւ նախաձեռնությունը լրամշակվել է:

Վարչական տուգանքի կիրառում կնախատեսվի շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը: Պատգամավորները քննարկել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող լրացումները:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումները բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը որոշ փոփոխություններ է առաջարկել` կապված անձնական տվյալների պաշտպանության ավելի բարձր մակարդակ երաշխավորելու հետ: Առաջարկվել է հստակ ամրագրել, որ էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի վրա հնարավոր բացասական ազդեցությունը: Նախատեսվել է նաեւ, որ տվյալները պետք է ոչնչացնել թե' անհետաձգելի միջամտության, թե' պաշտպանական որոշումների դեպքերում: Եթե հայտնաբերվի կամ ամրագրվի իրավախախտում, ապա տվյալները կոչնչացվեն բացառապես քննության կամ ծառայողական քննության ավարտից հետո, որպեսզի հնարավոր լինի բացահայտել տվյալ դեպքը: Ըստ զեկուցողի` կերաշխավորվի նաեւ անձնական տվյալների համար պաշտպանվածության բավարար մակարդակ, որպեսզի էլեկտրոնային հսկողության համակարգի ծրագրային ապահովումը թույլ չտա որեւէ տվյալի արտահոսք կամ այլ կերպով տվյալի օգտագործում:
 


21.03.2023
Առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից խմբագրել 122-ը. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Նախագծի մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2019 թվականից: Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից առաջարկվում է խմբագրել 122-ը. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը մարտի 21-ի ԱԺ հերթական նիստում՝ Աշխատանքային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լր...

21.03.2023
Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններով հստակ կամրագրվեն ներկայացուցչի մի շարք լիազորություններ, մասնավորապես, Եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ժամանակավոր կամ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին դիմումներ ներկայացնելու հետ կապ...

21.03.2023
ՀՀ ԱԺ 2024-2026թթ. ՄԺԾԾ եւ 2024թ. բյուջետային ֆինանսավորման հայտը
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» Վարչապետի 26.01.2023թ. N 86-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի` ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի 2024-2026թթ. ՄԺԾԾ (ներառյալ 2024թ. բյուջեի) հայտը: ...

21.03.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ փաստացի արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը եւ վաճառքը
Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու հա...

21.03.2023
Ծավալուն փոփոխություններ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում
Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, կարելի է ասել՝ օրենքը նոր խմբագրությամբ է շարադրվել. ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին...

21.03.2023
Առաջարկվող կարգավորումներով նպաստավոր հարկային միջավայր կձեւավորվի ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացի համար
Օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Հարկային օրենսգրքում: Ներկայացելով գործող կարգավորումները՝ Հ...

21.03.2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում. Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Խորապես ցնցված եւ հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը եւ միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը  Բունդեսթագում Հայո...

21.03.2023
Նախատեսվում է էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային
Բարեփոխումներով առաջարկում ենք փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում եւ թվային վերափոխում կիրականացվի: Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող եւ ...

21.03.2023
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը: Ըստ նախագծի՝ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերաբար. յուրաքանչյուր 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներ...

21.03.2023
Գործունեության որոշ տեսակներ կազատվեն ծանուցման պահանջից. օրենսդրական առաջարկը քննարկվել է ԱԺ նիստում
Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողներին աջակցել, նպաստել այդ ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ «...

21.03.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում
ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը` հաստատելով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Խորհրդարանը քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության...