Տպել
21.03.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Խորհրդարանը մարտի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու եւ իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով: Հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով 2022 թվականին ՀՀ-ում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ մեր երկրում ներդրումների հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կկազմի 21,4 տոկոս` գերազանցելով նախորդ տարվա 20,7 տոկոս ցուցանիշը:

«Կառավարության ծրագրով մենք պարտավորվել ենք ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի»,- հիշեցրել է Վահան Քերոբյանը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխությամբ ԵԱՏՄ միասնական ապրանքային նշանի գրանցման նոր հնարավորություն է ընձեռվել: «Ներկայացված նախագծով սահմանվում են բոլոր այն տուրքերը, որոնք նման գրանցման պարագայում անհրաժեշտ կլինի վճարել պետական բյուջե»,- ընդգծել է զեկուցողը:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը կատարել է տեխնիկական փոփոխություն:

Քաղաքացիներին արտարժութային ռիսկերից պաշտպանելու նպատակով փոփոխություններ են առաջարկվում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում: Փոփոխությունների հեղինակներն են պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Նարեկ Գրիգորյանը: Նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաեւ արտարժույթով:

Հաջորդ նախաձեռնությամբ առաջարկվում է բուսական, կենդանական աշխարհների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտների իրավական ակտերը համապատասխանեցնել Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին, գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: ««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագծով նախատեսվում է միասնական կիրառություն սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար` անկախ սփռման տարածքից, օպերատորից եւ հեռարձակողից:

Նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանը: Գործող կարգավորումների համաձայն` ՀՀ ցանցային օպերատորներն իրենց տրամադրած տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն:

Հեռուստաընկերությունների իրավունքների պաշտպանությանը եւ ՀՀ քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովմանն է ուղղված պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

ՀՀ հարկային եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք արտացոլված են նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակում: Առաջարկները վերաբերում են լիզինգի գործիքի կիրառությանն առնչվող արտոնության շրջանակի նեղացմանը, ռեզիդենտ կազմակերպության բաժնեմասի ձեռքբերման եւ օտարման նախապայման համարվող եռամյա ժամանակահատվածը երկու տարով փոխարինելուն: Արման Պողոսյանի խոսքով հաջորդ փոփոխությունը վերաբերում է եկամտային հարկի գծով հաշվարկի ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը:

Մեկ այլ նախաձեռնությամբ գործադիրը կանոնակարգում է ոչ սահմանված վայրերում առեւտուր իրականացնելու գործընթացը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Երեւան քաղաքի բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը կանոնակարգելու նպատակով Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Նախաձեռնությունը եւս ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ընդունվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` նախազգուշացման հնարավորությանը վերաբերող առաջարկը, եւ նախաձեռնությունը լրամշակվել է:

Վարչական տուգանքի կիրառում կնախատեսվի շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը: Պատգամավորները քննարկել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող լրացումները:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումները բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը որոշ փոփոխություններ է առաջարկել` կապված անձնական տվյալների պաշտպանության ավելի բարձր մակարդակ երաշխավորելու հետ: Առաջարկվել է հստակ ամրագրել, որ էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի վրա հնարավոր բացասական ազդեցությունը: Նախատեսվել է նաեւ, որ տվյալները պետք է ոչնչացնել թե' անհետաձգելի միջամտության, թե' պաշտպանական որոշումների դեպքերում: Եթե հայտնաբերվի կամ ամրագրվի իրավախախտում, ապա տվյալները կոչնչացվեն բացառապես քննության կամ ծառայողական քննության ավարտից հետո, որպեսզի հնարավոր լինի բացահայտել տվյալ դեպքը: Ըստ զեկուցողի` կերաշխավորվի նաեւ անձնական տվյալների համար պաշտպանվածության բավարար մակարդակ, որպեսզի էլեկտրոնային հսկողության համակարգի ծրագրային ապահովումը թույլ չտա որեւէ տվյալի արտահոսք կամ այլ կերպով տվյալի օգտագործում:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...