National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.03.2023
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը
1 / 20

Ազգային ժողովը մարտի 22-ի նիստում քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հարցը քննարկվել է առանց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության:

Նախաձեռնությունը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով նախագիծը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, ինչպես նաեւ հարցի վերաբերյալ մամուլում ներկայացված այլ հրապարակումները եւ բացատրությունները:

Ըստ զեկուցողի՝ որոշ իրավակարգավորումների համաձայն՝ ՍԴ դատավորը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի: «Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր եւ լինելով անհատ ձեռնարկատեր, պահպանել է իր այս կարգավիճակը մինչեւ 2023 թվականի հունվարի 27-ը»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ օրենքի համաձայն՝ ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ այդ կարգավիճակը՝ դուրս գար պետական հաշվառումից, ինչպես դա սահմանված է պատգամավորի դեպքում:

Ներկայացնելով որոշ մանրամասներ՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ Սեդա Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցվեր մինչեւ հունվարի 16-ը ներառյալ, մինչդեռ, ըստ փաստերի, վերջինս այդ կարգավիճակը դադարեցրել է հունվարի 27-ին:

Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ հարցը բավականին երկար քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացվել են փաստեր Սեդա Սաֆարյանի ձեռնարկատիրական գործունեության դադարեցման վերաբերյալ, սակայն դրանք անհամատեղելի են անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի դադարեցման ժամկետի հետ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ ներկայացրել հանձնաժողովի եզրակացությունը: Նշվել է, որ սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելն անհեթեթ է, քանի որ այդ տրամաբանությամբ անձը, դեռ չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները կամ անձը, դեռ չլինելով պատգամավոր, կարող է խախտել պատգամավորի անհամատեղելիության պահանջները: «Այս դեպքում «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությունը չենք կարող ընդունել որպես հիմք»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորը խոսել է նաեւ մյուս երկու ժամկետների ու դրանց խախտման հավանականության մասին եւ նշել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնյան իր պաշտոնը ստանձնում է ԱԺ-ում տրված երդմամբ: «Եթե սեպտեմբերի 15-ին Սեդա Սաֆարյանին երդում տալու հնարավորություն տրվեր, ապա կստացվեր, որ այդ օրն է ստանձնում պաշտոնը, եւ մենք ՍԴ-ում կունենայինք ոչ թե 9, այլ 11 դատավոր՝ հաշվի առնելով, որ Սեդա Սաֆարյանից բացի այդ օրը քննարկվում էր նաեւ այլ դատավորի ընտրության հարցը»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:

Անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասով էլ ներկայացնելով եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ դատավորի լիազորությունները ստանձնելու օրը կամ լիազորությունների ստանձնման օրը դեկտեմբերի 10-ն ընդունելու դեպքում լիազորությունների ստանձնումից հետո 6-րդ օրը, այսինքն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Սեդա Սաֆարյանը պետությանը՝ հանձին ՊԵԿ-ի ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր եւ հարկ վճարող իր գործունեությունն անորոշ ժամկետով դադարեցնելու մասին:

«Նման պայմաններում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ չենք կարող խոսել դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների առնվազն բովանդակային խախտման մասին, եւ եթե կա խախտում, ապա տեխնիկական է: Նման հանգամանքների պարագայում տեղին չէ կիրառել այնպիսի գործիք, ինչպիսին է ԱԺ-ի կողմից դատավորի լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան դիմելը»,- եզրափակել է Արուսյակ Ջուլհակյանը:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Ըստ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ թիրախավորվել է երկու ուղղություն՝ պետական պաշտոնյաներին իրենց վարկային միջոցներով ձեռք բերված գույքը վերագրել որպես հարյուր հազարավոր դոլարների ունեցվածք, ինչը սին է, իրականությունից կտրված: Երկրորդը՝ տարիներով Հայաստանի պետական բյուջեի հաշվին հարստացած եւ բազմաթիվ գույքեր ձեռք բերած թալանչի պաշտոնյաների հետ փորձ է արվում զուգահեռներ տանել, ինչպես նաեւ թիրախավորել դատաիրավական համակարգը: ԱԺ փոխնախագահի խոսքով գալու է ժամը, վերադարձվելու են ՀՀ-ից, բանակից թալանված միջոցները:

Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանի խոսքով պատերազմից մինչեւ Սահմանադրական դատարանի զավթում պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Ագնեսա Խամոյանը խոսել է հարցի վերաբերյալ իշխող քաղաքական ուժի պատգամավորների ներկայացրած փաստարկների մասին: Պատգամավորի խոսքով իշխող ուժի հարցադրումները փաստում են, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել խախտում, սակայն այն պետք է որոշի ՍԴ-ն: Անդրանիկ Քոչարյանի խոսքով խնդիրը ոչ թե խախտումներն են, այլեւ Սեդա Սաֆարյանի գործունեությունը, որը մտահոգում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը նշել է, որ ներկայացված հարցն իրավունքի խնդիր է եւ ոչ թե անձի: Վիլեն Գաբրիելյանը նկատել է, որ հարցը ոչ թե իրավունքի դաշտում է, այլ առնչվում է ՀՀ օրենսդրության անկատարությանը: Լիլիթ Գալստյանի խոսքով խնդիրը ոչ այնքան Սեդա Սաֆարյանի մասին է, այլ՝ Ազգային ժողովի եւ քաղաքական մեծամասնության: Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն պետք է որոշի, թե օրենքի որ պահանջներն են խախտվել եւ որքան է իրավական ու բարոյական Սեդա Սաֆարյանի գործունեությունը՝ որպես ՍԴ անդամ: Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ պետական պաշտոնյան չպետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ: Պատգամավորն ընդդիմության գործընկերներին հիշեցրել է, որ վերջիններիս իշխանության օրոք եղել են անձինք, որոնք իրենց մանդատն օգտագործել են՝ իրենց բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Ընդդիմադիր Արմենուհի Կյուրեղյանի գնահատմամբ ՍԴ անդամի թույլ տված խախտումներն իշխանության ներկայացուցիչները փորձ են անում գնահատել անփութություն, մոռացություն, տեխնիկական վրիպում: Ըստ նրա՝ մինչդեռ խորհրդարանը չպետք է տա այդ գնահատականը, այլ Սահմանադրական դատարանը: Այս վրիպակը չի կարող փոխել մեր կարծիքը Սեդա Սաֆարյան դատավորի, անձի, նրա քաղաքացիական կեցվածքի նկատմամբ. նման կարծիք է հայտնել Սերգեյ Բագրատյանը: Ընդդիմադիր Գեղամ Նազարյանը հորդորել է միանալ իրենց նախաձեռնությանը, քանի որ ՍԴ-ին առաջարկվում է այս հարցին գնահատական տալ: Նրա խոսքով իրենք որեւէ անձի թիրախավորելու մտադրություն չունեն: Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ ՍԴ դատավորի նկատմամբ տեղի ունեցողն այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը: «Պահանջում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունների այն պատգամավորները, որոնք անցնում են «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով, հայտնեն շահերի բախման մասին եւ չմասնակցեն համապատասխան քվեարկությանը»,- հայտարարել է պատգամավորը: Արփինե Դավոյանն էլ անդրադարձել է երեկ հայտարարությունների ժամին ընդդիմադիր որոշ պատգամավորների ելույթներում հնչած տեսակետներին: Վիգեն Խաչատրյանը խոսել է ընդդիմության եւ իշխանության գործելաոճի, ըստ այդմ՝ ունեցած վարկանիշի մասին: «Դուք այս քայլով հերթական անգամ ձեր վարկանիշն իջեցնում եք, մերը՝ բարձրացնում»,- եզրափակել է պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Սեյրան Օհանյանը եւ նշել, որ իշխանության վարքագիծն ուղղված է ներկայացված հարցի սահմանադրական դատաքննությանը խոչընդոտելուն: Խմբակցության ղեկավարը հավելել է, որ իրենք չեն դատում կամ դատապարտում Սեդա Սաֆարյանին, այլ առաջարկում են խնդիրը դարձնել ՍԴ քննության առարկա: ««Հայաստան» դաշինքը կոչ է անում կողմ քվեարկել, եւ ՍԴ-ն թող գնահատական տա իր աշխատողին՝ խախտում եղե՞լ է, թե՝ ոչ»,-ընդգծել է նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հարցի քվեարկությանը, քանի որ հնչած մեղադրանքները լեգիտիմ չի համարում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրել է, որ Սեդա Սաֆարյանը պետությանը պատշաճ իրազեկել է, որ դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով, հետեւաբար, էական խախտում չկա:

Եզրափակիչ ելույթում Արուսյակ Ջուլհակյանը եւ Արծվիկ Մինասյանը պատասխանել են պատգամավորների հարցադրումներին:

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ տեղի ունեցող քննարկումը զգոնության կոչ է բոլոր պաշտոնյաներին՝ լինել ուշադիր եւ պահպանել օրենքի տառացի մեկնաբանությունները:

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել փաստաբաններ Արսեն Բաբայանին եւ Սոս Հակոբյանին՝ մասնագիտական վերլուծություն տրամադրելու համար: «Հստակ արձանագրվեց մեկ բան եւ դահլիճում էլ դա հաստատվեց՝ բոլորն ընդունում են խախտման փաստի առկայությունը»,- նշել է «Հայաստան» խմբակցության քարտուղարը: Նրա խոսքով նախաձեռնության ներկայացման նպատակն է ապահովել երկրում օրինականության հաստատումը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 30 պատգամավոր: Որոշումը չի ընդունվել:


22.03.2023
Հանդիպում Կոպենհագենի վալդորֆյան դպրոցի աշակերտների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 22-ին հյուրընկալել է Կոպենհագենի վալդորֆյան դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը: Ողջունելով ...

22.03.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 23-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Պատիվ...

22.03.2023
Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքներում իրականացվող ծրագրերով
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է համայնքների խոշորացման գործընթացով: Նա նշել է, որ խոշորացված այն համայնքներում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, իրականացվող ֆինանսական ծր...

22.03.2023
Տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության հարցազրույցի վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում  թեկնածուի ընտրության հարցազրույցի փուլը տեղի է ունենալու մարտի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Ազգայինն ժողովի  314 սրահում: ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ...

22.03.2023
Ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսեւորվող կառուցողական մոտեցումից. Արարատ Միրզոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից` կա՞ էսկալացիայի վտանգ, թե՞ ոչ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի շատ է դիմում սադրիչ գործողությունների: Արարատ Միրզոյանը նշել ...

22.03.2023
Նախարար Լավրովի հետ ունեցել ենք կառուցողական եւ անկեղծ զրույց. ԱԳ նախարարի պատասխանը Լիլիթ Մինասյանին
Մոսկովյան այցի ժամանակ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու ի՞նչ գործողություններ եք ակնկալում Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. ԱԺ-Կառավարություն հարցուպատասախանի ժամանակ Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է Լիլիթ Մինասյանը: «Կառուցողական ու անկեղծ էր խոսակցությունն իմ եւ Լավրովի միջե...

22.03.2023
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյան
Ի՞նչ քննարկումներ են եղել ԵՄ եւ միջազգային այլ գործընկերների հետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: «Առաքելության մանդ...

22.03.2023
Ո՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳ նախարարը՝ Սարգիս Խանդանյանին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է ԱԳ նախարարի դիրքորոշմամբ՝ կապված թուրքալեզու երկրների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձների հետ, որոնք սպառնալիքներ են պարունակում Հայաստանի...

22.03.2023
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է. փոփոխություններ օրենսդրությունում
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է թե՛ Կառավարության հնգամյա ծրագրից, թե՛ դատական եւ իրավական վեճերի բարեփոխումների ռազմավարությունից: Այս համատեքստում արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը խթանելու տեսանկյունից կարեւոր է օրենսդրական ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am