Տպել
24.03.2023
Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել համակարգված ապացույցներ հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին. Եղիշե Կիրակոսյան
1 / 3

ՀՀ-ն պատերազմից անմիջապես հետո բավականին ակտիվ կերպով գործի է դրել միջազգային իրավական տարբեր կառուցակարգեր ու մեխանիզմներ, որոնք որոշակի էական աջակցություն են բերում ընդհանուր դիվանագիտական ջանքերին: Այս մասին ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի արտահերթ նիստում:

Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ Եվրոպական դատարանում ներկա պահին ՀՀ կողմից ներկայացված են մի շարք միջպետական գանգատներ: Ադրբեջանի դեմ ներկայացվել է 4 միջպետական գանգատ: Առաջին գանգատը ներկայացվել է 2021 թվականի սկզբին եւ վերաբերում է պատերազմի ընթացքում կատարված զանգվածային խախտումներին. հետագայում ներկայացվել են որոշակի լրացումներ: Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հայկական կողմը ստիպված է եղել Եվրոպական դատարան ներկայացնել նոր գանգատներ: Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ երկրորդ միջպետական գանգատը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ընթացող ապօրինի դատավարություններին: Երրորդ գանգատը վերաբերում է ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայության եւ օկուպացիայի ու դրա հետեւանքով անձանց իրավունքների խախտումներին: Չորրորդ գանգատը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ներկա պահին էլ աշխատանքները շարունակվում են, եւ թարմացումները պարբերաբար ներկայացվում են:

Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանում ընթացող իրավական գործընթացներին, նշել է, որ ՀՀ-ն ներկայացրել է միջպետական հայց ընդդեմ Ադրբեջանի, որը հիմնված է «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի վրա: Նա նշել է, որ շարունակաբար իրականացվում է մշտադիտարկում: Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին դատարանի ներկայացված միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կիրառելու մասին պահանջին: «2023 թվականի հունվարի 30-ին եւ 31-ին տեղի են ունեցել լսումներ Հաագայի դատարանում, որի արդյունքը եղավ փետրվարի 22-ի հայտնի որոշումը, եւ որով դատարանը կիրառեց հանրությանը հայտնի ժամանակավոր միջոց կիրառելու մասին որոշումը»,- ասել է նա:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ատելության, հայատյացության, ռասիզմի քարոզն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից Արդարադատության միջազգային դատարանի կողմից քննվող գործի առանցքն է: Դատարան են ներկայացվել համակարգված ապացույցներ հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...