Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ:
Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 23-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նրա՝ ներկայումս քրեակատարողական ծառայողի վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետեւանքներ նախատեսված չեն: Արդյունքում ստացվում է, որ քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության եւ մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ո՛չ մասնագիտորեն, ո՛չ էլ իրավական առումով ճիշտ չէ:
Նշվել է, որ օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության մակարդակը:
Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը: