Տպել
19.04.2024
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում. Հռիփսիմե Գրիգորյան
1 / 1

Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Մեծարգո՛ նախագահ,

Ես ցանկանում եմ խոսել իմ երկրի համար շատ կարեւոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին՝ Բրյուսելում:

Այդ իրադարձությունը եռակողմ հանդիպումն է ՀՀ վարչապետի, ԵՄ հանձնաժողովի նախագահի եւ Բարձր ներկայացուցչի ու ԱՄՆ պետքարտուղարի միջեւ: Հանդիպման օրակարգը եւ նպատակը ուրվագծվել են անցյալ տարի Գրանադայում ՀՀ վարչապետի եւ ԵՄ հանձնաժողովի նախագահի հանդիպման ժամանակ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառման շրջանակում: Հայտարարվել է Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, առեւտրային գործընկերությունների բազմազանեցմանն ու հզորացմանը ԵՄ-ԱՄՆ համատեղ աջակցության մասին: Սակայն, դրանից առավել, իրադարձությունն ինքնին աննախադեպ էր իր ձեւաչափով եւ քաղաքական ուղերձի իմաստով:

«Մենք կարծում ենք, որ ավելի ուժեղ եւ ավելի կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ եւ կայուն Հարավային Կովկաս», - սրանք Բարձր ներկայացուցիչ Յոզեպ Բորելի խոսքերն են:

«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք, որ Հայաստանը՝ որպես ուժեղ, անկախ պետություն, իր տեղը զբաղեցնի հարեւանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ», - հայտարարել է պետքարտուղար Բլինքենը:

Այս բանաձեւումները լավագույնս արտացոլում են Հայաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի տեսլականների զուգահեռումը մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, եւ վերջինիս ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելն օրակարգային է:

Մեզ համար առանցքային է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցությունը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը մեր հարեւան երկրների, ինչպես նաեւ ավելի լայն տարածաշրջանի հետ: Մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը: ԵՄ հանձնաժողովի նախագահը հանձնառություն ստանձնեց առ այն, որ ԵՄ-ն կհետազոտի միջսահմանային տրանսպորտը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է գաղափարներին, որոնք Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության էությունն են:

Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի եւ մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Պետք է փաստեմ, սակայն, որ բանակցություններն ընթանում են դանդաղ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության պատճառով: Այստեղ հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկում ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը՝ այն անվանելով «ոչ ներառական»: Իրականությունն այն է, որ եթե այս պատմության մեջ կա մի կողմ, որը նպաստել է ոչ ներառականությանը, ապա դա Ադրբեջանն է, որը հրաժարվեց մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայում հնգակողմ բանակցություններին, մերժեց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն Ադրբեջան նախագահական ընտրություններին եւ այդպես շարունակ:

Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում:

«Բարգավաճ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է գործընկերային հարաբերությունները եւ ազատորեն գծում է սեփական ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը»,- ասվում է բրյուսելյան հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ:

Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին: Եկեք առաջնորդենք մեր համագործակցությունը դեպի նոր հորիզոններ»,- նշել է Հռիփսիմե Գրիգորյանը: 


19.04.2024
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր եւ պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Խոսելով  «Ակադեմիա...

19.04.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքնե...

19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...