Տպել
26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
1 / 1

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը ոչ միայն մշակութային ողբերգություն է, այլեւ միջազգային օրենքի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում:

Հայ մշակութային ինքնությունն իր խոր արմատներն ունի Հարավային Կովկասի պատմության մեջ: Այնուամենայնիվ, այս ժառանգությունը հետզհետե ավելի ու ավելի է վտանգվում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch), որն իրականացնում է հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության մշտադիտարկում, խնդրի վերաբերյալ ներկայացրել է համապարփակ զեկույցներ: 2023 եւ 2024 թվականներին կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներում ընդգծվում են հետեւյալ առանցքային միջադեպերը:

Ադրբեջանի իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու: Նրանք կանգ չառան մինչեւ Լեռնային Ղարաբաղում չիրականացրեցին ամբողջական էթնիկ զտում, որտեղ այս պահին որեւէ հայ չկա: Վստահ եմ, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից եւ ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ:

Մշակութային ժառանգության պահպանությունը հավաքական պատասխանատվություն է: Պաշտպանելով հայկական ժառանգությունը՝ մենք պաշտպանում ենք մշակութային բազմազանությունը, սատար կանգնում պատմական ամբողջականությանը եւ միջազգային իրավունքին: Եկեք միասնական լինենք բոլոր ազգերի մշակութային ինքնությունը պաշտպանելու ու պահպանելու մեր հանձնառության մեջ՝ երաշխավորելով, որ պատմությունը, որքան էլ խոցելի լինի, երբեք չի մոռացվի»,- ասել է  ԱԺ պատգամավորը: