Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 5-ին, նպատակ ունի ամրապնդելու, ինչպես նաեւ զարգացնելու կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը: ««ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի ներկայացմամբ համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ-ն նշանակում է համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի իրավասու մարմինների միջեւ հաղորդակցությունը եւ համագործակցությունն իրականացնելու նպատակով: Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ համագործակցության հարցերով մագիստր Երեւանում: «Այս ընթացակարգերի կիրարկումը կնպաստի ԵՄ անդամ եւ երրորդ պետությունների հետ անհրաժեշտ հաղորդակցման արագության ապահովմանը, առանձնակի ուշադրություն կսահմանվի անձնական տվյալների պաշտպանությանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագիր, բացի ԵՄ անդամ երկրներից, կնքել է նաեւ ԵՄ անդամ պետություն չհանդիսացող 13 պետություն, Հայաստանը կլինի 14-րդը: «Սա եւս մեկ ապացույց է, որ Կառավարությունն ու իշխող մեծամասնությունը հաստատուն քայլերով առաջ են շարժվում եվրաինտեգրման ճանապարհով»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը Եվրաջասթում նշանակելու է համակարգող դատախազ, որը դառնալու է Եվրաջասթի դատախազի կոլեգիալ անդամ եւ օժտված է լինելու, համապատասխանաբար, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար սահմանված բոլոր իրավունքներով, նախաքննական եւ դատաքննական փուլում տեղեկատվություն է հայցելու եւ սահմանված կարգով ստանալու՝ ԵՄ անդամ երկրների գործընկերներից: Միեւնույն ժամանակ, Հայաստանն է պարտավորվածություն ստանձնում անհրաժեշտության դեպքում նմանատիպ տեղեկատվություն փոխանցել իր գործընկերներին: Արման Եղոյանը կարեւորել է այս քայլը Հայաստան- ԵՄ հարաբերությունների շրջանակում՝ նշելով, որ շարունակելու են սերտացնել հարաբերությունները ԵՄ մյուս բոլոր ինստիտուտների եւ գործակալությունների հետ: