Մեր առօրյայում, հատկապես վերջին տարիներին, ավելացել է անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների քանակն ու գործարկումը: Ոլորտը կանոնակարգված չի եղել: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է «անհատական շարժունակության տրանսպորտային միջոց» հասկացությունը, ինչպիսին պետք է լինի դրանց հիմնական բնութագիրը, կահավորումը: Ըստ նախաձեռնության` 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաեւ 16 տարին լրացած եւ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:
Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար Վարչական օրենսգրքով առաջարկվել է սահմանել մի շարք տուգանքներ: «Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ամբողջությամբ կանոնակարգել ոլորտը»,- ասել է հիմնական զեկուցողը` առաջարկելով ընդունել նախագիծը: Դավիթ Համբարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ ոլորտն իրականացվող հսկողության եւ համապատասխան վարչարարության կիրառման, մոպեդների պետհամարանիշների բացակայության վերաբերյալ:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատանքային քննարկում շահագրգիռ կազմակերպությունների հետ: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դրական է գնահատել օրենսդրական կարգավորմամբ երթեւեկությունն անվտանգ դարձնելու նախաձեռնությունը: Նա նշել է, որ ՆԳՆ-ն արմատական միջոցներ պետք է ձեռնարկի ճանապարհներին իրականացվող ցեղասպանությունը դադարեցնելու համար: Պատգամավորի ներկայացմամբ հունվարի 1-ից օգոստոսի 31-ը Հայաստանում տեղի է ունեցել մահվան եւ մարմնական վնասվածքների ելքով 2714 պատահար, որի հետեւանքով 205 մարդ մահացել է, 3929ը` վիրավորվել: