«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Նպատակը պետությունների միջեւ ծառայությունների, առեւտրի, ներդրումների ոլորտում ավելի լայն տնտեսական համագործակցությունն է եւ փոխշահավետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրից: Ընդլայնվում է առեւտրի շրջանակը՝ տարածելով նաեւ ծառայությունների ոլորտի վրա:
Կարգավորվում է ծառայությունների անդրսահմանային առեւտուրը, ընկերությունների ստեղծման եւ գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի եւ ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի շրջանակը, ինչպես նաեւ ներդրումային գործունեությունը:
«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող հարցն ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանը:
Փոխնախարարի խոսքով նախագծի դրույթները չեն հակասում նշված ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին: ԱՊՀ գործադիր կոմիտեի գնահատականով կանխատեսվում է, որ համաձայնագրի իրականացումն ԱՊՀ-ում ծառայությունների ծավալը կավելացնի շուրջ 25 տոկոսով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական է. այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը: