Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Փոփոխությունը 265 հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին: Հարկադիր պարապուրդի հասկացությունը տրված չէ Աշխատանքային օրենսգրքով: Ներկա կարգավորումներով անձը մի վայրից աշխատանքից ազատվում է եւ վաղուց աշխատում է այլ վայրում, բայց քանի դեռ վիճարկվում է առաջին աշխատավայրից ազատման հիմքերի օրինականության հարցը եւ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը, այդ հարկադիր պարապուրդը շարունակում է հաշվարկվել:
Անարդարացի մոտեցումը վերացնելու նպատակով նախատեսվում է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի համար վճարել նախկին աշխատանքի համար վճարված վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար: Կվճարվի նաեւ նախկինում եւ հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը: Եթե աշխատողն ինն ամսից պակաս է աշխատել, ապա տրվելու է այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար:
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումը եւ փոփոխությունը հերթական նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Մարիամ Պողոսյանը: