Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների, վարչական վարույթների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման, վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
«Դեղերի մասին» օրենքով նախատեսվում է, թե ինչ է բժշկական հաստատության դեղատունը, սակայն սահմանված չէ՝ ի՞նչ կարգով է իրականացվում դեղատնից դեղերի բացթողումը, ինչպես նաեւ՝ համապատասխան կարգ սահմանելու համար լիազորող նորմը:
«Տեսչական մարմինը բազմաթիվ դեղատներում հայտնաբերել է «Վաճառքի համար ենթակա չէ» գրությամբ դեղեր: Մենք տեսչական մարմնին լիազորություն ենք տալիս բուժհաստատության դեղատներում իրականացնելու ստուգումներ, եւ խախտումներ արձանագրելու դեպքում սահմանել պատժամիջոցներ»,- ընդգծել է պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր եւ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Զեկուցողի խոսքով Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության լիցենզիաներ ունեցող ընկերությունների կողմից մեկ տարվա ընթացքում ոչնչացման են ներկայացվել օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված մի քանի տասնյակ միլիոնը գերազանցող դեղեր:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հեղինակներն առաջարկում են տեսչական մարմնին լիազորություն տալ հնարավորինս վերահսկելու գործընթացը: Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ կազմակերպությունը վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին առնվազն 5 աշխատանքային օր առաջ պետք է տրամադրի դեղերի ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն:
Լուսինե Բադալյանի տեղեկացմամբ դեղերի ոչնչացման գործընթացին ներկա կլինի տեսչական մարմնի ներկայացուցիչը. գործընթացը կտեսաձայնագրվի:
Գլխադասային՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հարցի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: