Նախաձեռնությամբ առաջարկվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով գործադիրը հնարավորություն կունենա երրորդ երկրներից ՀՀ տարածքով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի ՀՀ տարածք բեռնափոխադրումների ժամանակ փոխադարձության սկզբունքով արտոնություններ սահմանել. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Խոսքը զեղչերի կամ ճանապարհային հարկի զրոյացման մասին է: Այս պահին ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների հետ միջպետական համաձայնագրերով երկուստեք ազատել ենք ճանապարհային եւ բնապահպանական հարկի վճարումներից»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ Վրաստանի հետ նույնպես ունենք այդպիսի համաձայնագիր:
Արմեն Սիմոնյանի խոսքով նախագծի ընդունումը կնպաստի Իրանի գործընկերների հետ բեռնափոխադրումների իրականացման համար համապատասխան պայմանների սահմանմանը:
Առաջին ընթերցմամբ ՀՀ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում: