Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում նոր կարգավորումներով կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրացվել է ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի ու հարկերի վճարման անձնական օգտագործման մշակութային ապրանքների ներմուծման նպատակով ապրանքների վերաբերյալ մշակութային փորձագիտական եզրակացության տրամադրման եւ հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուից տրամադրման կարգերի վերաբերյալ լիազորող նորմերով:
Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել: Կառավարությունը տեխնիկական առաջարկներ է ներկայացրել:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով դեռեւս 2021 թվականին ձեւավորվել է ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման թրեյդ-ին գործիքը, որը հնարավորություն է տալիս ավտոտրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչներին՝ դիլերներին կամ դիստրիբյուտորներին, ֆիզիկական անձանցից մեքենա գնելիս դրա արժեքի փոխհատուցումը որոշակիորեն կատարել նաեւ այդ ձեռքբերվող մեքենայից: Գործիքը հնարավորություն է տալիս տնտեսավարողներին մեծացնելու իրենց բիզնես հնարավորությունները, իսկ քաղաքացիներին՝ թարմացնելու իրենց մեքենաները, ինչպես նաեւ՝ թարմացնելով հանրապետությունում ավտոմոբիլային պարկը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանը տեղեկացրել է, որ օրենքի կիրարկման ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք հստակեցնելու համար էլ Կառավարությունը ներկայացրել է մի շարք փոփոխություններ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը չի ենթարկվել որեւէ փոփոխության:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենսդրական առաջարկի մանրամասները՝ այստեղ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումից հետո լրամշակվել է ու լրացվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով: Այս մասին հայտնել է Ռուստամ Բաքոյանը:
Հիմնական կարգավորումները՝ հղմամբ:
Հաջորդ նախաձեռնությունն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը: ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական եւ խմբագրական առաջարկներ, որոնք քննարկվել են գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:
«Այս նախաձեռնությամբ վարչարարության եւս մեկ գործիքակազմ է ավելանում ՀՀ հարկային օրենսգրքում: Դա բխում է մեր ստանձնած միջազգային պարտավորություններից»,- ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը երկրորդ ընթերցմամբ ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները ներկայացնելիս:
Ըստ հիմնական զեկուցողի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են պատասխանատվության նորմերին եւ ֆինանսական հաստատությունների նկատմամբ վերահսկողությանը:
Առաջին ընթերցման մանրամասները՝ այստեղ: